Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը, երեկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը հայտարարել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ալիևը հայտարարեց նաև, որ մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու, զորքի հայելային ետքաշման Երևանի պահանջները։ Ալիևը նաև առաջ քաշեց «8 գյուղերի վերադարձի» հարցը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։
Անդրադառնալով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին՝ Խաչատրյանն ընդգծել է՝ Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։
Դեսպան վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։