Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրում կոնկրետ քարտեզ ամրագրելը սկզբունքային է. Խանդանյան


Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սա պնդել:

«Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը:

Սահմանազատումը Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով իրականացնելը Հայաստանի առաջարկն է: Խաղաղության պայմանագրում այն ներառելու հարցը դեռ քննարկվում է, համաձայնություն չկա: Հայկական կողմը փաստաթղթում սահմանազատման սկզբունքների ամրագրմամբ է ցանկանում ապահովել գործընթացի հստակությունն ու կանխատեսելիությունը:

Ադրբեջանի նախագահը երեկ ուղիղ հայտարարել է՝ չեն ցանկանում հիմք ընդունել ԽՍՀՄ վերջին քարտեզները: Իլհամ Ալիևը հղում է արել 1940-ից 60-ականների քարտեզներին, պնդել, թե այդ փուլերում են ադրբեջանական հողերը տրվել Հայաստանին:

«Այսինքն, նրանք ուզում են մի կողմ թողնել 1960-ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները և հղում անել հենց՝ 70-ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել և ընդդիմանում ենք դրան», - նշել է Ալիևը:

Սահմանազատման սկզբունքների շուրջ կողմերի անհամաձայնության պայմաններում այս ամսվա վերջին սպասվում է դելիմիտացիայի հանձնաժողովների հերթական հանդիպումը: Այն առաջինն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև աշխատակարգի հաստատումից հետո: Ալիևը երեկ նշել է, թե «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

Եթե դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր և չկան սահմանազատման ֆիքսված սկզբունքներ, ինչի՞ մասին է խոսում ադրբեջանական կողմը:

«Ես կարծում եմ, որ որևէ կերպ պետք է սկզբունքները ֆիքսվեն, որովհետև առանց սկզբունքները ֆիքսելու ինչի՞ հիման վրա է սահմանազատում իրականացվելու: Այս հարցի պատասխանը մենք ունենք, թե ինչի հիման վրա պետք է սկսվի սահմանազատումը, և ես կարծում եմ՝ առանց այդ սկզբունքը ֆիքսելու Ադրբեջանը չի կարող այդ հարցի պատասխանը տալ», - ասաց Սարգիս Խանդանյանը:

Հարցին՝ այսինքն ամեն դեպքում հանձնաժողովը բովանդակային աշխատանք կսկսի պայմանագրի ստորագրումից հետո՞, նա պատասխանեց. - «Այս պահին մեր ցանկությունն այն է, որ սկզբունքը ֆիքսվի պայմանագրում ու դրան զուգահեռ սկսվի սահմանազատման աշխատանքը: Եթե այլ որևէ կերպ հնարավոր լինի սկզբունքները ֆիքսել ու արագ անցնել սահմանազատման աշխատանքներին, դա ևս տարբերակ է»:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ակնկալում է, որ կառավարությունը պարզաբանի՝ արդյոք հունվարի վերջին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների նիստում արդեն կոնկրետ հատվածի սահմանազատման հարց է քննարկվելու: Մանուկյանը կասկածներ ունի, թե իշխանությունը առանց ժողովրդին տեղեկացնելու կանի նույնը, ինչ արեց 2020 դեկտեմբերին Սյունիքում:

«GPS համակարգով Սյունիքում սահմանագծում է իրականացրել, գյուղեր են դուրս մնացել Հայաստանի Հանրապետության սահմանին, Գորիս-Կապան ճանապարհի հսկայական հատվածն է դուրս մնացել, որը որևէ սահմանագծման տրամաբանության մեջ չէր տեղավորվում, սակայն սեփական ժողովրդից գաղտագողի իրականացրել են», - նշեց Մանուկյանը:

Հարցի պատասխանը ստանալու համար դիմել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, գրավոր հարցն ուղարկել ենք, բայց արձագանք ողջ օրվա ընթացքում այդպես էլ չենք ստացել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն, ամեն դեպքում, կարծում է, թե այս փուլում քննարկվելու են աշխատակարգին առնչվող հարցեր, որից հետո արդեն կսկսի սահմանազատման գործընթացը:

«Գուցե առաջիկայում, երբ որ սահմանազատման բուն գործընթաց սկսվի, սկսվի այդ հատվածից, չեմ կարող ասել, կամ մեկ այլ հատվածից, բայց, բնականաբար, մենք պատրաստ չենք սահմանազատում իրականացնել միայն սահմանագծի մեկ հատվածի համար», - ընդգծեց սարգիս Խանդանյանը:

Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմի առաջարկած քարտեզին է դեմ, այլ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելու մասին չի հայտարարում: Մերժում են նաև զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը մոտ մեկ շաբաթ առաջ Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել էր խաղաղության պայմանագրի առաջարկներին, պնդում է. - «Այն ձևակերպումները, որ մեր տեսածն է, եթե այդ ձևակերպումներն ի վերջո կյանք ստանան, տասնամյակներով խոսելու ենք, շարունակելու է Ադրբեջանը մնալ Ջերմուկում, շարունակելու է մնալ Վարդենիսում»:

Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագիծը: Հունվարի 4-ին հայկական կողմն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջան, որում ի դեպ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ, կա որոշակի հետընթաց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG