Մատչելիության հղումներ

«Վախի մթնոլորտ գոյություն չունի»․ վարչապետի շրջայցերի ֆոնին Շիրակի մարզպետը պետական միջոցներով կառուցվող դպրոցներ է այցելում


Լուսանկարը՝ մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից

Արդյո՞ք պաշտոնանկություններով ուղեկցվող վարչապետի այցերն են պատճառը, որ Շիրակի մարզպետը տարեսկզբից պետական միջոցներով կառուցվող դպրոցներ է այցելում։

Լոռու և Արմավիրի մարզպետների, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնանկություններից հետո մամուլը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը «բռնել է մարզպետների վախը»։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հակադարձում է. - «Ես կուզենամ մեր հարգարժան մամուլին հորդորեմ, որ մշտապես հետևեն իմ աշխատանքներին և պարզ կլինի իրենց համար, որ մեր առօրյա աշխատանքն ենք կատարում, որևիցե նոր բան մեր աշխատանքային պրոցեսում գոյություն չունի», - «Ազատության»-ը ասաց մարզպետը՝ շեշտելով․ - «Այսօրվա կառավարությունում վախի մթնոլորտ ընդհանրապես գոյություն չունի, ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»։

Շիրակի մարզում այս պահին 5 դպրոց է հիմքից կառուցվում։ Պետական բյուջից շուրջ 5 մլրդ դրամ է տրամադրվել։ Կառուցվող դպրոցներից մեկը Բերդաշենինն է։ Նախկին դպրոցի շենքը հրդեհվել էր ու դասերն այլևս այդտեղ անցկացնել հնարավոր չէր։

Համայնքապետարանի շենքում է դպրոցը ժամանակավոր տեղավորվել մինչև նոր դպրոցը պատրաստ կլինի։

«Ազատության» հարցին, թե շրջայցերի ժամանակ թերություններ հայտնաբերվո՞ւմ են, մարզպետը պատասխանեց․ - «Բոլոր այցերի ժամանակ մշտապես մենք ֆիքսել ենք կատարված աշխատանքի թե՛ լավ, թե՛ դանդաղ կատարված աշխատանքը, թե՛ ցածր կամ չհամապատասխանող որակը, և մշտապես բարձրացրել ենք հարցը, աշխատանքային քննարկումներ ենք կազմակերպել, մեր հսկողությունը մշտապես է։ Կլինեն թերություններ, չի բացառվում, բայց էդ թերություններն, ընթացքում՝ մեր ցուցումներով, պատկան մարմինների համապատասխան ցուցումներով կշտկվեն, վերահսկողություն կա»։

Պաշտոնյան ասաց՝ շինարարության որակը վերահսկող տեսչական մարմիններին դեռ տարեվերջին գրություններ են ուղարկել՝ թերությունների ու ժամկետների հետ կապված։

Շիրակում հաջորդ տարի նախատեսվում է ևս 8 դպրոցի շինարարություն սկսել։ Կառավարությունը մինչև 2026 թվականը ծրագրել է 300 դպրոց կառուցել ու հիմնանորգել։

Մի քանի դպրոցներում, որտեղ վարչապետ Փաշինյանը բազմաթիվ թերություններ էր նկատել, Պետական վերահսկողական ծառայություններ է ստուգումներ անում։ Հակակակոռուպցիոն կոմիտեն ևս ուսումնասիրություն է սկսել։ Հարուցված քրեական գործերի մասին առայժմ չի հաղորդվել։

XS
SM
MD
LG