Աղմկոտ պաշտոնանկություններ դպրոցներ ու մարզադահլիճներ վարչապետի այցերից հետո. Նիկոլ Փաշինյանի այս շաբաթվա երկու ստուգայցից ժամեր անց աշխատանքից ազատվեցին Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու երկու մարզպետ։
Կառավարության տեսանյութերում զայրացած վարչապետի դիտողություններին հավանություն տվող վախվորած կամ տարակուսած պաշտոնյաներն են։
Հետո պետք է հասկանանք՝ ինչը վերացվեց, ինչ ժամկետում. երեկ Վաղարշապատի հիմնական դպրոցներից մեկում կառուցված մարզադահլիճի թերություններն էր բացահայտում Փաշինյանը` անձամբ հաշվելով մարզիչի սենյակում ու հանդերձարանում կախված կախիչներն ու կռահում՝ հաստատ հանդերձարանում դրանք ավելի քիչ են։
Արագած գյուղի դպրոցի մարզադաշտի մակերեսում էին կուտակվել անձրևաջրերը, իսկ լոգասենյակում արդեն վարչապետը քանդեց ցնցուղն ու հանձնեց կրթության նախարարին՝ Ժաննա Անդրեասյանին հանձնարարելով անձամբ ստուգել դրա գինը:
Սա ոչ վարչապետի գործն էր, ոչ էլ՝ կրթության նախարարի, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը՝ Փաշինյանի` ոտքի վրա տված հանձնարարականը վերագրելով բուռն զայրույթին։
«Սա վարչապետի գործը չի, այստեղ ես տեսնում եմ ինչ-որ չափով քաղաքական բաղադրիչ: Դա միշտ կար մեր խորհրդային տարիներից էլ, որ ամենավերևները մեղավոր չեն, դեռ Ստալինի ժամանակներից այդպես էր, մեղավոր են տեղում կատարողները», - ասաց Վարուժան Հոկտանյանը:
Քաղաքական գովազդ՝ վերջին օրերի տեսարաններն այսպես է գնահատում Վարուժան Հոկտանյանը։ Կարծում է՝ իշխող կուսակցության ղեկավարը ընտրողների սիրտը շահելու խնդիր ունի։
«Տեսնում է, որ իր ռեյտինգը բավականին ընկել է, բայց իր համար բարեբախտաբար մյուսների ռեյտինգն ավելի ընկած է և փորձում է երևի ցույց տալ, որ իր շրջապատը վատն է, չեն ուզում հեղափոխական ձևերով աշխատել», - նշեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:
Վարչապետի հրապարակած կադրերը Հոկտանյանին տեղափոխել են խորհրդային տարիներ՝ ամենուր անորակություն է. - «Սա նույնպես խորհրդային տարիներից եկող երևույթ է, և դեժավյու եղավ, երբ ես հետևում էի այդ այցերին: Նույնն այն ժամանակ էր, երբ որ բնակարան տալու փոխարեն տալիս էին 4 պատ, որ հետո արդեն բնակիչը սկսեր դա բնակարան դարձնել: Ես հիշում եմ 80-ականների վերջին, երբ 16 թաղամասում այդպիսի իրավիճակ էր»:
Բան չի փոխվել՝ նկատում է մասնագետը։ Չնայած նախկին պետականին այժմ փոխարինել են մասնավոր ընկերությունները, բայց մրցույթներից հետո էլ որակ չկա։ Մրցույթներում սովորաբար հաղթում են ամենաէժան գին առաջարկածները, թեև որակը ևս պետք է հաշվի առնել։ Այս դեպքում չի բացառվում, որ ցածր գին առաջարկածն իր գործն արել է հենց ցածր որակով։
«Հնարավոր է, որ ավելի թանկ կախիչ էր նախատեսված, հետո էլ հանձնում-ընդուման ժամանակ համապատասխան վարձատրության դիմաց ցույց են տվել, որ այդքան արժե կախիչը, երբ իրականում այդպես չի եղել: Դա դեռ խորհրդային տարիներից եկող ադաթ է՝ խաբել, ուտել գումարը և ցույց տալ լրիվ այլ բան: Նաև կոռուպցիոն ռիսկ կարող է լինել, նույն տենդեռում շահածը, թե ով է եղել, դա պետք է հասկանալ», - ասաց Վարուժան Հոկտանյանը:
Բնականաբար, վարչապետը գիտի, որ կա կոռուպցիա, բայց արդյո՞ք տեղյակ էր, որ այն այս աստիճան խորացել է՝ հասնելով ներքև, փորձագետը չի կարող ասել։ Չի կարող նաև կռահել՝ Փաշինյանն անկե՞ղծ էր, թե՝ ոչ, բայց վստահ է մի բանում՝ թավշյա հեղափոխությունը Հայաստանում շոշափելի արդյունք դեռ չի տվել։