Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն է սկսել նորակառույց դպրոցներում ու մարզադահլիճներում, որտեղ վարչապետն օրեր առաջ կասկածի տակ էր դրել շինարարության ու գույքի որակը, չնայած դրանք արդեն պատրաստ էին շահագործման, ու երկրի ղեկավարն այցելել էր բացման արարողություններ անցկացնելու համար։
Այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողներին ասաց՝ իրավապահները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Քաղաքաշինության կոմիտեի ու Կրթության նախարարության հետ ավելի քան մեկ միլիարդ դրամի պայմանագրեր կնքած ընկերությունները չեն խախտել նախապես ընդունած պայմանները, արդյո՞ք պայմանագրերում ու հանձնման-ընդունման ակտերում անհամապատասխանություններ կան։
«Եթե կան, այսինքն՝ ինչ-որ մեկն ընդունել է մի գույք-ապրանք, որը չի համապատասխանում պայմանագրերին, բնականաբար վարույթներ կլինեն», - ասաց նա։
Գրիգոր Մինասյանը նորմալ է համարում երկրի ղեկավարի մեծ քննարկումների առիթ դարձած ստուգայցերը, որտեղ նա թերություններ էր հայտնաբերել, տեսախցիկների առաջ խիստ քննադատել պատասխանատու պաշտոնյաներին, ժամեր անց էլ նրանցից երեքին պաշտոնանկ արել։
Երկրի կառավարումն ստանձնելուց 5 տարի անց վարչապետը, նախարարի խոսքով, թափանցիկ աշխատելու նոր նշաձող է սահմանում։
«Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել ավելի, այսպես ասած, թաքնված և ոչ բացահայտ հանրային։ Ի ուրախություն ինձ և, կարծում եմ, բազմաթիվ քաղաքացիների՝ թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ, և դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել, և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից», - շեշտեց նա։
Դպրոցի տնօրենը տարակուսում է՝ ինչպես կարող էին ստուգել գույքի որակն ու բնութագրի հետ համապատասխանությունը
Պետությունից հարյուր միլիոնավոր դրամների ներդրում ստացած դպրոցների տնօրենները վերադասից հանձնարարական են ստացել՝ թերությունների մասին տեղեկանք ներկայացնել։ Վանաձորի թիվ 23 դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, որ որևէ կերպ չի ներգրավվել նախագծման, շինարարության ու գույքի ձեռքբերման աշխատանքներին, ասում է՝ մասնագետներ չունի. դպրոցի բանվորի, ուսուցիչների ու իր ոչ մասնագիտական աչքով եզրակացություն կկազմեն։
«Երբ որ շինարարներն այստեղ եղել են, շրջել ենք, նայել ենք, բայց ներգրավված չենք եղել, որովհետև պատրաստ չի եղել, շինարարներն ասել են՝ պատրաստ չէ, կամ եթե ինչ-որ դիտողություն, առաջարկություն ունեցել ենք, ասել են, որ դա նախագծով է, և մենք չենք կարող շեղվել նախագծից», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Դա այն դպրոցն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը կախիչների ամրությունն ստուգելիս հեշտությամբ պոկեց դրանցից մեկը։
Կախիչը դեռ պոկված է, շինարարներն այստեղ չեն երևացել։ Տնօրենն ասում է՝ թերությունների ցանկի առաջին տողում կաթացող տանիքը կնշեն։ Դեռ շահագործման չհանձնված մարզադահլիճի տանիքից արդեն անձրևաջրեր են ներթափանցել։
Ինչ վերաբերում է մարզագույքին, ապա մատակարարի հետ պայմանագիրը կնքել է Կրթության նախարարությունը, մինչդեռ գույքը ուղիղ մատակարարից դպրոցներն են ստացել։ Տնօրենը տարակուսում է՝ ինչպես կարող էին ստուգել գույքի որակն ու բնութագրի հետ համապատասխանությունը։
«Մենք ընդամենը հանձնման-ընդունման ակտ ենք ստորագրել, որ պարզապես մենք տվյալ գույքն ստացել ենք այսքան քանակով ու այս ինչ անվանումով գույքը, բայց մենք չուենք տեխնիկական բնութագիր, ու մեզ չեն ասել, որ պիտի ստուգենք։ Բայց քանի որ սպորտդահլիճը պատրաստ չէր, գույքը փաթեթավորված վիճակում եղել է մեզ մոտ, հետո վարչապետի այցից առաջ, որպեսզի գույքն էլ ներկայանալի ներկայացնենք, փաթեթավորումից հանել ենք, տեղադրել», - նշեց նա։
Օրինակ այն, որ զուգափայտն ամենևին էլ փայտից չէ, նախնական տեղեկություն չեն ունեցել և ընդունել են այն, ինչ փաթեթավորած բերել, հասցրել են իրենց, ու որի տակ ստորագրել են։ Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, գույքի պատվիրատուն՝ Կրթության նախարարությունը։ Նախարարությունից այսօր «Ազատությանն» ասացին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը չի ստուգել մարզադահլիճների սանհանգույցներում տեղադրված ցնցուղի որակը, ինչը հենց ստուգայցի ժամանակ անձամբ նրան էր հանձնարարել Նիկոլ Փաշինյանը։
«Դա ամոթ է ավելի շատ, քան թե վտանգավոր»
Ասացին՝ շինարարն է տեղադրել Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությամբ։ Ինչո՞ւ տեխնիկական վերահսկողի ուշադրությունից դուրս են մնացել այն թերությունները, որոնք ընդամենը մի քանի րոպե շրջայցի ընթացքում նկատեց երկրի վարչապետը։ Մարզադահլիճների տեխվերահսկողության համար պետությունից մոտ 50 միլիոն դրամ ստացած «Շինսերտիֆիկատ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Վարդանյանն «Ազատությանն» ասաց՝ անհնար է լինել բոլոր տեղերում ու ստուգել անգամ կախիչների ու բռնակների ամրությունը, մանավանդ որ իրենց ունեցած 60 վերահսկողների 70 տոկոսն ավելի քան 70 տարեկան է։
«Կազմակերպություններ շինարարական իրենք էլ ունեն որակի պատասխանատու, իրենց մեղքն է առաջին հերթին, որ լավ էդ ինչ բան է, որ դա տեխնաբզոռը պիտի նայի, սաղ օր վազենք հետևներից, որ խաբլան եք, եկել եք խաբելո՞ւ, թե՞ աշխատելու։ Դա ամոթ է ավելի շատ, քան թե վտանգավոր։ Վտանգ չեմ տեսնում, բայց ամոթ է»։
Տեխվերահսկող ընկերության տնօրենն ասում է՝ վարչապետի աղմկոտ ստուգայցերը երկու տարբեր մարզերում ու դրան հաջորդած պաշտոնանկությունները կարող են զգաստացնել շինարարներին, որ ավելի պատասխանատու լինեն ստանձնած գործի նկատմամբ։ Որոշ փորձագետներ, մինչդեռ, քննադատեցին վարչապետին՝ պնդելով, թե թերությունները հայտնաբերելը ոչ նրա, ոչ էլ կրթության նախարարի գործն է՝ սա համարելով վատ կառավարման օրինակ։