Սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք։ Իշխանությունները խոստովանում են՝ հարկատուների գրպանից՝ պետբյուջեի հաշվին իրականացված շուրջ 1.2 միլիոն դոլարանոց ծրագիրն անարդյունավետ է եղել։
Հայաստանցի բեռնափոխադրողներին Լարսի ճանապարհին այլընտրանքով ապահովելու տևական խոստումներից հետո կառավարությունն անցած տարի գործարկեց Բաթումի-Նովորոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը 500 միլիոն դրամի պայմանագիր կնքեց «ՍԻ ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերության հետ՝ բոլոր ծախսերն իր վրա վերցնելով։ Ընդ որում՝ պետբյուջեից գումարն այս ընկերությանը փոխանցվել էր անկախ հանգամանքից, թե քանի տնտեսվարող է օգտվում սուբսիդիայից, ու ինչ ծավալի բեռ է տեղափոխվում. սա կառավարության սահմանած կետերից էր:
Ամռան ամիսներին նավը Սև ծով դուրս եկավ, բայց, ինչպես պարզվեց, կիսադատարկ։ Չնայած հատկացված միջոցներին, հնչեղ գովազդներին ու ելույթներին՝ բեռնափոխադրողներին առաջարկն առանձնապես չհետաքրքրեց, և միայն հիմա՝ ծրագրի ավարտից գրեթե կես տարի անց, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանում է՝ անարդյունավետ էր։ Ըստ էության, անտեղի ծախսված միջոցների համար կկրի՞ որևէ մեկը պատասխանատվություն. այս մասին ոչ մի խոսք։
«Լաստանավն, այո, աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ՝ այն չի ապահովել բավարար լցվածություն կամ չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, և մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերությունները օգտագործում են այն լաստանավը այնպես, որ մենք ինքներս մեզ ու մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ», - ասել է նա։
Այնինչ, դեռ ամիսներ առաջ էր տեսանելի՝ ծրագիրն արդյունավետ չի եղել։ «Ազատությունն» աշնանը դիմել էր Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե միջինը որքան բեռ է տեղափոխվել Սև ծովի ջրերով, ու խնդրել գնահատական տալ կատարողականին։
Հաշվետվություն այն ժամանակ չփոխանցեցին, բայց նախարար Քերոբյանին հարց ուղղելու հնարավորություն եղավ։ Պատասխանը շեշտակի տարբերվում էր վերջին ելույթից։ Նախարարն այդ ժամանակ գոհ էր։
«Այդ պրոյեկտը աշխատեց, և մենք տեսանք լավ հետաքրքրություն ընկերությունների կողմից։ Եթե չեմ սխալվում, այս պահին նոր ֆինանսավորման խնդիրն ենք փորձում լուծել, որպեսզի վերսկսվի, և կարծում եմ՝ կկարողանանք կառավարության մեր գործընկերներին համոզել, որ այսպիսի այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտ է», - ասել էր նա։
Թե ինչու փոխեց իր դիրքորոշումը 2.5 ամսվա ընթացքում, նախարարը չպարզաբանեց, այնինչ, նա առաջինը պետք է մանրամասներն իմանար։
Դեռ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունում Վահան Քերոբյանի գլխավորությամբ այս ծրագիրը վերահսկող հանձնաժողով էր ստեղծվել։ Անցնող ամիսներին լուռ է փոխադրումներն իրականացրած «ՍԻ ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերությունը, տնօրեն Դավիթ Իլոյանն ավելի վաղ հրաժարվել էր հարցազրույց տալ։ Ի դեպ, այս ծրագիրը գովազդելիս իշխանությունները հայտարարում էին՝ հենց լաստանավ է գործելու, սակայն ի վերջո կոնտեյներային նավեր Սև ծով դուրս եկան։ Առաջին դեպքում վարորդները բեռնատարներով միանգամից նավ են բարձրանում։ Երկրորդով միայն բեռնարկղեր՝ կոնտեյներներ են տեղափոխվում։
«Ազատությունը» մի քանի խոշոր բեռնափոխադրողների հետ է խոսել, որոնցից ոչ մեկը ծրագրից չէր օգտվել, ոչ էլ նավով ապրանք տեղափոխած ծանոթներ ուներ։ Գործարարները շեշտում էին՝ Հայաստանի շուկայի համար հենց լաստանավեր են պետք, այլ ոչ թե այն, ինչը գործադիրն էր առաջարկում։ Փաստացի արդյունք չտված այս ծրագրից հետո նախարարը հիմա էլ խոսում է արտահանման դիվերսիֆիկացիայի մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանից բացի, ջանքեր պետք է գործադրվեն այլ՝ արաբական երկրների, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ուղղությամբ։