Մատչելիության հղումներ

Արդյունավետ կլինե՞ն հայկական բեռների ծովային փոխադրումները դեպի Ռուսաստան. բեռնափոխադրողների կարծիքները տարբեր են


Փոթի նավահանգիստը, արխիվ
Փոթի նավահանգիստը, արխիվ

Արդյունավետ կլինե՞ն հայկական բեռների ծովային փոխադրումները դեպի Ռուսաստան։ Կառավարության նախաձեռնության անմիջական շահառուների՝ բեռնափոխադրողների կարծիքները տարբեր են։ Մի մասը ողջունում է ծրագիրը, որոշները թերահավատ են, ոմանք էլ ուշացած են համարում։

Գործադիրը դեռ անցած տարի էր խոստացել պարբերաբար խցանվող Վերին Լարսին սև ծովով այլընտրանքային ուղի ապահովել։ Այժմ կառավարությունը հայտարարում է՝ ծրագիրը կյանքի է կոչվում, արդեն երկու փորձնական փոխադրում է իրականացվել Նովոռոսիյսկ-Բաթումի- Նովոռոսիյսկ երթուղով։ Հաղորդվում է, որ շուտով փոխադրումները կանոնավոր կդառնան՝ շաբաթական առնվազն մեկ անգամ հաճախականությամբ։

Բեռնափոխադրող խոշոր ընկերության ղեկավար Արման Հովսեփյանն այսչափ մեծ ծախս պահանջող նախաձեռնությունն արդյունավետ չի համարում, ասում է՝ նավով տեղափոխելիս բեռների փչանալու ռիսկը մեծանում է:

«Այդ ապրանքին տիրություն անող չկա, չեն կարա՝ ոնց որ մեր վարորդներն են հտևողական բեռներին, լաստանավը փչացնում է, էդ փորձից եմ ասում, որովհետև տենց փորձեր եղել են», - ասաց Հովսեփյանը:

Ընկերության տնօրենը նաև մտահոգություն ունի, որ շատ մեծ հերթեր կգոյանան. - «Այսօր այնքան շատ է արտահանումը Հայաստանից ու ներմուծումը, չեմ կարծում, որ այդ ձևի արդյունավետ կլինի, ոնց որ պատկերացնում են»:

Ցամաքայինից ավելի թանկ ծովային փոխադրումների ծախսը պետությունը խոստանում է սուբսիդավորել։ Ամեն փոխադրման համար օպերատոր ընկերությանը 120 միլիոն դրամ են վճարելու՝ անկախ հանգամանքից, թե ինչ ծավալի բեռ կտեղափոխվի։ Այս փոխադրումներն իրականացնելու է C&M International-ը։ Ընկերության տնօրենն «Ազատությանը» փոխանցեց՝ երթուղու հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, իրենց օրական տասնյակ ընկերություններ են դիմում։ Այժմ հաշվարկներ են անում։ Ընկերությունում կարծում են, որ խնդիրներ չեն լինի։

Մեկ այլ խոշոր ընկերությունում հակառակ կարծիքն ունեն, ասում են՝ այս ծրագիրը դեռ ավելի շուտ պետք է գործարկվեր, այլընտրանք ունենալը խիստ անհրաժեշտ էր։ Տնօրեն Վիտալի Սահակյանն ասում է՝ եթե Լարսը դարձյալ փակվի, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, նավով փոխադրումը միանշանակ կաշխատի: Ծովային փոխադրումների գործարկումը շատ դրական ու սպասված իրադարձություն է համարում նաև բեռնափոխադրող մեկ այլ խոշոր ընկերության ղեկավար Արևիկ Թարզյանը. հարկ եղած դեպքում իրենք էլ կօգտվեն:

«Եթե ինքը կանոնավոր աշխատի, բնականաբար, կդիմենք, որովհետև Լարսում եթե լիքը հերթ լին կամ փակ լինի, ավելի լավ է այլընտրանքային ճանապարհ լինի», - ընդգծեց Թարզյանը:

Թեև նավային փոխադրումների արդյունավետության վերաբերյալ ընկերությունների տեսակետները հակասական են, մեկ հարցում բոլորը համակարծիք են՝ կառավարությունը իրենց հետ հետադարձ կապ չի պահում, պատկան մարմիններն իրենց չեն զանգում՝ մանրամասնում ու բացատրում։

«Ազատությունն» այսօր բազմաթիվ ընկերություններից է մեկնաբանություն խնդրել, ոմանք միայն մեր զանգից իմացան, որ պետությունը սուբսիդավորելու է ծովային բեռնափոխադրումները։

XS
SM
MD
LG