Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է Լարսին այլընտրանքային ճանապարհով բեռնափոխադրումների ծախսերի փոխհատուցում


Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ նախատեսում է Հայաստան ՌԴ-ից բեռնափոխադրումների միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային՝ լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։

Գործադիրը հիմնավորման մեջ նշել է, որ լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

Ստեփանծմինդա-Լարս ցամաքային ուղու այլընտրանք լաստանավի և/կամ նավի օգտագործումը առավել թանկ է և ըստ կառավարության՝ կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել խոչընդոտները։

Վարչապետ Փաշինյանը դեռ նախորդ տարվա ամռանն էր հայտարարել, որ որպես Լարսին այլընտրանք կարճ ժամկետում գործարկվելու է Վրաստանից լաստանավով բեռների փոխադրման տարբերակը, դա, սակայն մինչև հիմա չի իրականացվել։

«Նախատեսվել է, որ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120 միլիոն դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն», - ասված է որոշման մեջ։

XS
SM
MD
LG