Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել


Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանաման միջոցը փոխելու և նրան կրկին կալանավորելու նպատակով, «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գրիգորի Խաչատուրովը 9-ամսյա կալանքից հետո ազատ էր արձակվել՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն էր նշանակել, ըստ որի, նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։

Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Գլխավոր դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է անցած տարվա դեկտբերի 21-ին, իրենք ստացել են այս տարվա սկզբին։

Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել է, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։ Մինչեռ փաստաբանը չի հասկանում, թե ինչու է դատախազությունը ցանկանում կրկին կալանավորել Խաչատուրովին, այն դեպքում, երբ փետրվարի 16-ին լրանում է Խաչատուրովի մեղադրանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածից հետո գեներալ-մայորին ազատազրկել այլևս չեն կարող։

XS
SM
MD
LG