Մատչելիության հղումներ

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է


Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի (Գրիգորի Խաչատուրովի) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Խաչատուրովը ձերբակալվել է։

Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

Գրիգորի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված «Մարտի 1»-ի գործով։ 2019-ի սեպտեմբերին կրտսեր Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Փետրվարի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում էր՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Դատախազը պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդություն ներկայացրեց։

Ըստ Վարդապետյանի՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարության գործող երկու հատուկ նշանակության հողամասեր զորանոցով, կից այլ շինություններով վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Գլխավոր դատախազն ասաց, որ վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են, շինություններից մեկը փաստացի վաճառվել է զորամասերից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին չորս միլիոն դրամով, իսկ նա բանկում գրավադրել է 18 միլիոնով։

Արդյոք Խաչատուրովի ձերբակլությունն առնչվում է այս գործի հետ դատախազությունը չի մանրամասնում։

Խորհրդարանում այդ օրը Վարդապետյանն ասել էր, որ Գրիգորի Խաչատուրովի մասով դեռ քննություն ունեն անելու։

XS
SM
MD
LG