Մատչելիության հղումներ

Վերաքննիչը եզրահանգել է, որ Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը. փաստաբան


Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կալանավորվել է։ Վերաքննիչը եզրահանգել է, որ փողերի լվացման հոդվածով մեղադրվող Խաչատուրովն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը՝ փոխանցեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Որոշում է կայացվել, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ է վարվել, որ հիմնավոր կասկածն առկա է համարել, բայց սխալ է համարել, որ գրել է՝ հիմքեր չկան կալանավորման», - նշեց փաստաբանը:

45-ամյա Խաչատուրովն անցնում է պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանի գործով: Հակակոռուպցիոն դատարանը դեռ մեկ ամիս առաջ որոշել էր նրան ազատության մեջ թողնել: Թեև դատավորը նշել էր, թե կան հիմնավոր կասկածներ, որ Խաչատուրովը կատարել է իրեն վերագրվող արարքը, բայց չկան հիմքեր, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Վերաքննիչը, սակայն, նույն տեղեկատվության և փաստարկների հիման վրա բեկանել է հակակոռուպցիոնի որոշումը, նկատում է փաստաբանը։

«Ոչ մի նոր բան չի փոխվել, ուղղակի հավաքված ապացույցները, փաստական տվյալները մի դատարանը մի կերպ է մեկնաբանել, մյուս դատարանը՝ մեկ այլ կերպ: Այլ բան է, որ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, մեղմ ասած, անհիմն են, մնացածի մասին հետագայում կտեղեկացնենք», - ասաց Հակոբ Ենոքյանը:

Այս քրեական գործը, որով մեղադրյալ է և՛ պաշտպանության նախկին նախարար Օհանյանը, և՛ գեներալ-մայոր Խաչատուրովը, Ազգային ժողովում ներկայացրել էր գլխավոր դատախազը, երբ միջնորդում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Օհանյանին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդել էր, որ Օհանյանը վաճառել էր ՊՆ-ին պատկանող գույքը, ընդ որում՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։

«Անգամ եթե այստեղ գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր», - ընդգծել էր գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազն ասել էր՝ Արարատի մարզի Արմաշ համայնքում Պաշտպանության նախարարությանը պատկանող հողամասն ու շինությունը փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին՝ 4 միլիոն դրամով, իսկ նա դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։

«Չբացահայտելով իրական գնորդին՝ 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության կենտրոն նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության, թիվը չբացահայտեմ, զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր», - ներկայացրել է Աննա Վարդապետյանը:

Մինչ իրավապահները շեշտում են, թե այս գործարքը ձևակերպվել է այլ մարդու անվամբ, բայց փաստացի Խաչատուրովն է եղել դրա հետևում, փաստաբան Հակոբ Ենոքյանը խոստանում է առաջիկայում փակագծեր բացել։ Այսօր միայն հերքեց մեղադրանքն ու պնդեց՝ Խաչատուրովը կապ չունի այս գործարքի հետ, նա պարզապես տեղեկացրել է այդ տարածքի բնակիչներին, թե «վաճառվող հողամաս կա, կարող եք գնել»։ Իսկ թե ինչ եղանակով է օտարվել այդ տարածքը, էժան, թե՝ թանկ գնով, Խաչատուրովն առնչություն չունի, պնդեց փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանյալի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։

«Այդ տարածքի հրամանատարին՝ Խաչատուրովին խնդրել են, ասել են, եթե այդ տարածաշրջանի բնակիչներից, գյուղից գնորդներ կլինեն այդ տարածքի, որովհետև ինքը սահմանամերձ է, մոտ է այդ համայնքին, մյուս հողերին, տեղեկացնի, որ դա վաճառքի ենթակա է», - ներկայացրեց փաստաբանը:

Գեներալ-մայոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջած մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

2020 թվականի օգտոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ Խաչատուրովը պարգևատրվել էր «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Զինվորականի փաստաբանը զերծ է մնում գնահատականից, թե այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու թիմակիցներ սա քաղաքական հետապնդում են որակում։

Այս քրեական գործի վաղեմության ժամկետն անցել է, իրավապահների հայտարարությունները 2009 թվականի դեպքերին են վերաբերում։ Եվ եթե անգամ գործը հասնի դատարան, դատարանն էլ մեղավոր ճանաչի Օհանյանին և Խաչատուրովին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։

XS
SM
MD
LG