Մատչելիության հղումներ

Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց


Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն այսօր ազատ է արձակվել 9-ամսյա կալանքից 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. - «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս»:

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար, այս գործով մեղադրյալի աթոռին են ևս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խաչատուրովը երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ 2020 թվականի օգտոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար նա պարգևատրվեց «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով ու գեներալ-մայորի կոչում ստացավ։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո նա միացավ մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներին, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գործը, որով անցնում է Խաչատուրովը, առնչվում է Արարատի մարզում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանած հողամասի ու շինության վաճառքին։ Պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար գործարքների մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանում ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ այդմ՝ ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին՝ 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։

«Անգամ եթե այստեղ գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր։ Չբացահայտելով իրական գնորդին՝ 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության կենտրոն նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության, թիվը չբացահայտեմ, զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր», - նշել է դատախազը։

Մեղադրանքը չընդունող Խաչատուրովի փաստաբանները հակադարձում են՝ իրենց պաշտպանյալը 18 միլիոն վարկ ստացել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, իսկ դատախազության նշած հողամասը լրացուցիչ գրավ է եղել։

«Վանաձոր քաղաքում Գրիգորի խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 միլիոն դրամի, հետո այս գույքը որպես լրացուցիչ գրավի միջոց պահանջվել է բանկի կողմից, եթե չեմ սխալվում: Այնպես չի, որ այս գույքը տվել են, որ այդ գրավը լինի», - ընդգծեց Ենոքյանը:

Զինվորականը, ըստ փաստաբանի, պարզապես տեղեկացրել է այդ տարածքի բնակիչներին, թե «վաճառվող հողամաս կա, կարող եք գնել»։

Սակայն իրավապահները շարունակում են պնդել՝ այս գործարքը ձևակերպվել է այլ մարդու անվամբ, բայց փաստացի Խաչատուրովն է եղել դրա հետևում։ Ընդդիմադիր Սեյրան Օհանյանն, իր հերթին, քաղաքական հետապնդում է որակում խոշոր չափերով գույք հափշտակելու և վատնում կատարելու իր մեղադրանքն ու պնդում՝ դրանք զորամասեր չէին, այլ՝ քանդված շինություններ էին, որոնց պահպանությունը մեծ ծախսերի հետ էր կապված, դրա համար էլ օտարվել են։

Եթե Օհանյանի մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է, ապա գեներալ Խաչատուրովինը կլրանա երկու ամսից, այս գործարքները 2009 թվականին են տեղի ունեցել։ Ամենայն հավանականությամբ, Խաչատուրովը չի համաձայնի առանց արդարացման փակել գործը, ինչի դեպքում դատաքննությունը կշարունակվի։ Բայց վաղեմության ժամկետը լրանալուց հետո մեղավոր ճանաչվելու դեպքում էլ մեղադրյալները չեն ազատազրկվի։

XS
SM
MD
LG