Մատչելիության հղումներ

Անկախ կարգավիճակից արցախցիները կենսաթոշակ կստանան, վստահեցրել են նախարարությունից


Հայաստանի քաղաքացիություն կստանան, թե փախստականի կարգավիճակը կնախընտրեն, արցախցիներն անկախ իրենց ընտրությունից կենսաթոշակ կստանան, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մինչ այդ արցախցիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար կեսօրից գերատեսչության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

Ցուցարարներից մի քանիսը շենք մտան, փոխնախարարի հետ զրուցեցին. արդյունքները Արմեն Պետրոսյանը ներկայացրեց։

«Այնպիսի խոսակցություններ, ինչ կա, եթե քաղաքացիությունը չընդունեք, թոշակ չեք ստանալու, նման հարց չկա, և որ հավաստիացրել է, որ բոլորն իրենց թոշակները ստանալու են, քաղաքացիական անձինք հոկտեմբերի 26-ից սկսած, իսկ զինծառայողները օրենքի փոփոխությունից հետո, հավաստիացրել են, որ ստանալու են», - ասաց նա։

Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ - թոշակ սեպտեմբերից այս կողմ չեն ստացել։ Կառավարությունը նախ հայտարարեց, որ չի կարող վճարել այդ գումարները, ապա բոլոր տեղահանվածներին նոյեմբերի ու դեկտեմբեր ամիսների համար 50 հազար դրամ հատկացնելու ծրագիր ներկայացրեց՝ որպես այս չտրվող գումարների փոխհատուցում։

«Ասել են նաև, որ հինգշաբթի օրը հայտարարություն արվելու է», - ասաց Արմեն Պետրոսյանը։

50 հազարների ծրագիրը չի չեղարկվի, նախարարությունից օրերս նաև տեղեկացրին՝ արցախցիները թոշակները հավանաբար դեկտեմբերի սկզբին կստանան՝ հոկտեմբերի վերջին հինգ օրերի, նոյեմբերի ու դեկտեմբերի գումարները։ Սակայն, մեկ կարևոր պայման կա՝ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար պարտադիր է բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։ Հայաստան եկած բոլոր տարեցները պետք է հաշվառվեն այն հասցեով, որտեղ այս պահին բնակվում են։

«Էդ հարցն էլ ենք բարձրացրել, ասել են՝ գրանցումը կարող եք ունենալ տվյալ անձնագրային բաժնում, պարտադիր չէ, որ դուք ունենաք որևէ սեփականություն, կամ ձեր գրանցումը չի դառնալու ոտնձգություն ինչ-որ մեկի սեփականության վրա», - նշեց նա։

Նախարարությունը խոստանում է առաջիկայում ավելի կոնկրետ ներկայացնել, թե ում, երբ ու ինչպես դիմեն արցախցիները թոշակների համար։ Մինչ այդ, ըստ գերատեսչության, օրենսդրական փոփոխություներ պետք է արվեն այդ ընթացակարգերը հստակեցնելու համար։

Տուն-տեղը թողած արցախցիները նաև իրենց կորսված սեփականության հարցն են բարձրացնում։ Գործադիրից տեղեկացրել են՝ կորցրածը գույքագրելու համար որևէ մարմին այս պահին չկա, փոխարենը արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրեր են քննարկում։

XS
SM
MD
LG