Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանվածներն արդեն կարող են դիմել թոշակներն ու նպաստները ստանալու


Արդեն մի քանի ամիս կենսաթոշակ չստացող Արցախից տեղահանվածները այսօրվանից կարող են դիմել սոցիալական ծառայություններին կամ օնլայն հայտ ներկայացնել ու ստանալ հոկտեմբերից սկսած ամիսների թոշակը, տեղեկացրեց աշխատանքի ու սոցհարցերի նախարարի խոսնակ Զարուհի Մանուչարյանը

«Խոսքը կենսաթոշակների և նպաստների մասին է: Կենսաթոշակ ասելով նկատի ունենք և՛ աշխատանքային, և՛ հաշմանդամություն, և՛ զինվորական, և՛ սոցիալական կենսաթոշակները», - ասաց Զարուհի Մանուչարյանը։

Դիմումը լրացնելուց հետո արցախիցներն արդեն ամեն ամիս կստանան կենսաթոշակ՝ Հայաստանի մյուս քաղաքացիների պես։ Թոշակ ստանալու համար պարտադիր չէ դառնալ Հայաստանի քաղաքացի ու փախստականի կարգավիճակն էլ բավարար է։

Կենսաթոշակին հատկապես անհամբեր սպասում են այն տարեցները, որոնք խնայողություններ չունեին, տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով Հայաստանում աշխատել չեն կարող։

Խնապատ գյուղից տեղահանված Սերգեյ Աղաբաբյանն ու կինը թոշակառուներ են, երկուսն էլ հաշմանդամ՝ դեռ առաջին արցախյան պատերազմից։ Ինչպես իրենք են ասում՝ նրանց երկու զավակները հազիվ ծայրը ծայրին են հասցնում ու հոգում իրենց ընտանիքների կարիքները, իրենք երկուսով մեկ սենյակ են վարձել Մասիվի նախկին հանրակացարանի շենքում, որտեղ չկա ջեռուցում, գազօճախ, չի աշխատում լվացքի մեքենան։ Փոխարենը պատմում են, որ Արցախում ոչնչի կարիք չունեին։

«Ամեն ինչ էլ եղել ա, թողել ենք ինչ կար: Հավ կար, սառնարան, հեռուստացույց, տուն-տեղ թողել ենք, եկել», - ասաց թոշակառու կինը:

Առայժմ ապրում են Հայաստանի կառավարության տրամադրած միանվագ աջակցության գումարներով՝ 100 և 50 հազարական դրամներ։ Չնայած կենցաղային դաժան պայմաններին՝ չեն պատկերացնում՝ ինչպես կարող են վերադառնալ իրենց տուն։

Նույն շենքում նրանց հարևանուհին՝ նախկին ուսուցիչ Լուսինե Ստեփանյանն է, 2-րդ Մասիվի այս շենքի 1 փոքրիկ սենյակում ապրում է ամուսնու հետ։ Կոճողուտ գյուղում են թողել իրենց մեծ տունն ու ծաղկաշատ այգին։

Դպրոց աշխատանքի վերադառնալու մասին առայժմ չի մտածում, ասում է, հոգեպես դեռ պատրաստ չէ երեխաների հետ աշխատելուն։ Աշխատանք է գտել մոտակա սուպերմարկետներից մեկում։ Նախ, վարձել էին նորոգված ու համեմատաբար հարմար բնակարան նույն շենքում, ապա տեղափոխվեցին ավելի փոքր սենյակ։

Վերջին 2.5 ամիսներին ապրում են միանվագ ստացած աջակցության գումարներով և Լուսինեի աշխատավարձով։ Դեռ չեն ստացել դեկտեմբերի համար նախատեսված 50 հազարական դրամները։ Ինչպես տեղեկացանք նախարարությունից, այս գումարն առայժմ ոչ ոք չի ստացել, բայց առաջիկայում կբաշխվի։

Միանվագ 100 հազարական դրամներից ու նոյեմբեր, դեկտեմբերի համար նախատեսված 50 հազարական դրամներից բացի կառավարությունը մինչև մարտ տան վարձերի փոխհատուցում է տրամադրում, իսկ ապագայի ծրագրերն առայժմ հայտնի չեն։

Ապագան Լուսինեն միայն Արցախում՝ իր տանն է պատկերացնում, սակայն թե ինչպես պետք է վերադառնա, չգիտի։

XS
SM
MD
LG