Մատչելիության հղումներ

«Չլինեին բարեգործները, երևի չէինք կարող դիմանալ». Արցախից տեղահանված Ամալյա Սարգսյանը դեռ սպասում է կենսաթոշակին


65-ամյա Ամալյա Սարգսյանն իր ընտանիքի հետ նախ 2020-ին Շուշիից է Դիլիջան եկել, այս տարի էլ՝ վերջնականապես այստեղ հաստատվել է Ստեփանակերտում նոր տունը լքելուց հետո։ Ասում են, աջուձախ նայում ու այդպես էլ սեփական իրեր աչքով չեն ընկնում։ Արցախում ռմբակոծության տակ ընկած մեքենայով շատ բան իրենց հետ բերել չեն կարողացել։

Մի բարեսիրտ դիլիջանցի իր փոքրիկ բնակարանն արդեն երեք ամիս անհատույց տրամադրել է նրանց չորս հոգանոց ընտանիքին՝ մինչև ի վերջո կստանան պետությունից հասանելիք գումարները։ Մի մասն արդեն ստացել են, կենսաթոշակին ու խոստացված 50 հազարականներին, սակայն, դեռ սպասում են։

«Չլինեին դիլիջանցի բարեգործները, երևի չէինք կարող դիմանալ», - ասում է ու հատ առ հատ թվարկում՝ ով, ոնց, որքան անշահախնդիր հասցրեց իրենց՝ ապրելու ուժ տալու համար։

65-ամյա կինը մեկը մյուսի հետևից պատմում է վերջին տարիներին կրած դժվարությունները՝ ջահել հարսի ցավալի կորստից մինչև տանջալից գաղթ։ Տարիներ առաջ այդպես էլ հնարավոր չեղավ փրկել հարսին մահացու հիվանդությունից, ու մանկահասակ թոռնուհին մնաց իրենց խնամքին։ Հիմա նա ապրում է հոր, անկողնուն գամված տատիկի ու ռմբակոծության տակ ընկած մեքենան տաքսի դարձրած պապի հետ՝ այս մի սենյականոց փոքրիկ բնակարանում։

Ամալյա Սարգսյանն ասում է՝ փախստականի կարգավիճակի մասին վկայող փաստաթուղթն արդեն ձեռքի տակ է, որդին միշտ հետն է պահում, հերթական անգամ գործերով մայրաքաղաք էր գնացել՝ պետական դռներ ծեծելու, որ գոնե «փաստական» վերնագրով թղթով ինչ-որ կերպ բարելավի ծնողազուրկ դստեր, հիվանդ մոր ու գործազուրկ տղամարդկանց ապրելակերպը։

«Մենակ թոշակները տան, ես չեմ վախենում, ուրիշ տուն, տնամերձ, թքած ունեմ ամեն ինչի վրա, ոչ մի բան ինձ պետք չի», - ասաց արցախցի կինը:

Տատիկի անունը կրող 11-ամյա Ամալյան կինոյի նման է հիշում՝ ինչպես էին պատերազմի ձայնային տագնապից հետո կուչ եկել նկուղներում՝ որը մեծերի գրկում, որը պահածոների համար նախատեսված երկաթյա պահարանի հարկերում, որն էլ սառը բետոնին։ 11-ամյա աղջնակի վրա է տան կենցաղային հարցերի հիմնական մասը՝ ճաշ պատրաստի, ամանները լվա, տունը փոշուց մաքրի ու անպայման հիվանդ տատին ընկերակցի։

XS
SM
MD
LG