Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահական ընտրարշավի մեկնարկից հետո ռուսների գրոհներն Ուկրաինայում ինտենսիվացել են


Պատերազմը Ուկրաինայում, արխիվ
Պատերազմը Ուկրաինայում, արխիվ

Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ գրոհներն ուկրաինական ճակատի արևելյան հատվածում, միաժամանակ ամենօրյա ռեժիմով ռմբակոծում Ուկրաինայի քաղաքներն ու ենթակառուցվածքները:

Փորձագետները նկատում են, որ ռուսների գրոհներն ավելի ինտենսիվ են դարձել Ռուսաստանում նախագահական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո։ Ու թեև որևէ մեկը չի կասկածում Պուտինի հաղթանակին, պայքարի են դուրս գալիս նոր մարդիկ՝ ստեղծելով մրցակցային ընտրությունների տպավորություն, այն դեպքում, երբ իրական ընդդիմադիրները կա՛մ ազատազրկված են, կա՛մ հեռացել են երկրից:

Երեկ գրանցվել է նաև անկախ թեկնածու համարվող նախկին հեռուստալրագրող Եկատերինա Դունցովան, ով վերջին հարցազրույցներից մեկում քննադատել էր Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

«Ինչո՞ւ ենք խոսում թույլտվության մասին, եթե դա իմ իրավունքն է ըստ գործող օրենքի։ Մենք պարզապես հետևում ենք դաշնային օրենքով սահմանված ընթացակարգերին։ Սրա համար որևէ մեկի թույլտվությունը պետք չէ», - հայտարարել է Դունցովան:

Մինչդեռ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է՝ պատերազմը շարունակվելու է, քանի դեռ Մոսկվան չի հասել իր նպատակներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտնել է, որ զորակոչվածները պետք է ծառայության մեջ մնան մինչև պատերազմի ավարտը։ Զուգահեռ, օրենսդիրները խստացնում են կարգը զինվորական ծառայությունից խուսափողներին պատժելու համար, ակնկալվում է, որ նոր օրենսդրությունն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի։

Օրենքով նաև նախատեսվում են սահմանափակումներ, օրինակ՝ զորակոչվածները պարտավոր կլինեն հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը, այսինքն՝ չեն կարողանա լքել երկիրը մինչև ծառայության ավարտը։

Իրավիճակը բարդ է նաև ուկրաինական կողմում, Կիևը հայտարարում է, թե Ռուսաստանի լայնածավալ ագրեսիային դիմակայելու համար բանակին պետք են նոր զինվորներ։ Այդ բացը լրացնելու համար Կիևը մտադիր է բանակ զորակոչել նաև արտերկրում ապրող իր քաղաքացիներին, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:

«Այս հարցում կարևոր է արդարությունը։ Մոբիլիզացվածները պետք է նախապես հստակ իմանան, թե ինչպես են վերապատրաստվելու ու վերազինվելու, որտեղ և երբ են ծառայելու, երբ են զորացրվելու», - նշել է Ումերովը:

Ուկրաինական հրամանատարությունը խնդրում է մոբիլիզացնել 450 հազարից 500 հազար զինվոր՝ ռուսական ներխուժումը հետ մղելու համար։

Մոտ երկու տարի առաջ սկսված պատերազմի պատճառով ուկրաինացի բազմաթիվ տղամարդիկ փախել են արտերկիր։

Միաժամանակ, Ումերովը, չնայած ռազմի դաշտում ստեղծված բարդ իրավիճակին և ռուսների շատ ինտենսիվ գրոհներին ճակատի արևելյան հատվածում, գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդել է, թե եկող տարի ուկրաինական բանակը կազատագրի 2014 թվականից բռնակցված Ղրիմը, հավելելով, թե դրանում 100 տոկոսով համոզված է:

ՌԴ նախագահական ընտրարշավի մեկնարկից հետո ռուսների գրոհներն Ուկրաինայում ինտենսիվացել են
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

XS
SM
MD
LG