Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է պատերազմում հաջողությունների մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ուկրաինայի արևելյան ճակատում տիրող բարդ իրավիճակի մասին ուկրաինացի զինվորականների մեկնաբանությունների ֆոնին Ռուսաստանի նախագահը հայտարարություններ է արել պատերազմում հաջողությունների մասին։ Նա այսօր մասնակցում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին։

«Հիմնականում մենք անում ենք այն, ինչ կարծում ենք, որ անհրաժեշտ է, ինչ ուզում ենք։ Որտեղ անհրաժեշտ է, որտեղ դուք՝ հրամանատարներդ, նպատակահարմար եք համարում պահպանել ակտիվ պաշտպանական մարտավարությունը, դա տեղի է ունենում, և որտեղ անհրաժեշտ է՝ մենք բարելավում ենք մեր դիրքերը», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Ուկրաինացիները, Պուտինի պնդմամբ, հակահարձակման ընթացքում մեծապես վատնել են իրենց պաշարները:

Ճակատում ստեղծված բարդ իրավիճակի մասին գրեթե ամեն օր զգուշավոր հայտնում է նաև ուկրաինական կողմը։

Ռուսական զորքերը շարունակում են հարձակման փորձերը Կուպյանսկի, Լիմանի և Բախմուտի ուղղություններով, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Ճակատի այս հատվածում իրավիճակը բարդ է, գրել է Սիրսկին իր Տելեգրամ ալիքում, հավելելով, որ ռուսական բանակն ուզում է նոր շրջաններ գրավել մասնավորապես Խարկովի մարզում։

«Մենք պետք է պատերազմենք հակառակորդի թե՛ զենքով, թե՛ անձնակազմի քանակով գերազանցության պայմաններում», - նշել է ուկրաինացի հրամանատարը:

Միաժամանակ, Սիրսկին ընդգծել է, որ «բոլոր երեք ուղղություններով ուկրաինական զորքերը պահում են պաշտպանությունը և ոչնչացնում թշնամուն»։

Մինչ այդ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին երկուշաբթի օրը հաստատել է, որ դեկտեմբերին Ուկրաինային ֆինանսավորելու համար Վաշինգտոնի միջոցները կսպառվեն, եթե Կոնգրեսն արտակարգ միջոցներ չձեռնարկի։

«Մենք ծրագրում ենք ևս մեկ օգնության փաթեթ Ուկրաինային այս ամսվա վերջին: Այնուամենայնիվ, երբ դա ավարտվի, ինչպես վերահսկիչ պարոն ՄըքՔորդը Կոնգրեսին ուղղված իր գրառման մեջ այսօր պարզ ասաց, մենք այլևս չենք ունենա նոր օգնության լիազորություն: Կոնգրեսը պետք է գործի առանց հապաղելու», - ասել է Քիրբին:

Պենտագոնի գլխավոր աուդիտոր Մայքլ ՄըքՔորդն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծախսում է իր վերջին 1,07 միլիարդ դոլարը նոր սպառազինությունների և սարքավորումների ձեռքբերման վրա, իսկ դեկտեմբերի 30-ին նրա հաշիվները դատարկ կլինեն։

Միաժամանակ, ուկրաինական զորքերն առաջնագծում բախվում են հրետանային արկերի պակասի և կրճատել են որոշ ռազմական օպերացիաներ՝ արտաքին օգնության բացակայության պատճառով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբի զորքերի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկուն։

«Այն ծավալները, որ այսօր ունենք, բավարար չեն մեր կարիքները բավարարելու համար։ Դրա համար մենք դրանք վերաբաշխում ենք։ Մենք վերապլանավորում ենք մեր առջև դրված խնդիրները և կրճատում դրանք», - ասել է Տարնավսկին:

Ճակատի հարավարևելյան որոշ հատվածներում ուկրաինացի զինվորականներն անցել են պաշտպանական դիրքերի, սակայն փորձում են հարձակվել ռազմաճակատի այլ հատվածներում, ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը՝ հավելելով, որ ռուսական բանակը նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ է կուտակում նոր հարձակումների համար։

«Ի՞նչ կլինի, եթե Պուտինը հաղթի» հոդվածում Bloomberg-ը գրում է. - «ԱՄՆ-ի և Եվրոպայի հետագա օգնության շուրջ ստեղծված փակուղին Ուկրաինայի դաշնակիցներին ստիպում է մտածել մի բանի մասին, որը նրանք դժվարանում էին պատկերացնել ռուսական ներխուժման առաջին օրերից ի վեր. Վլադիմիր Պուտինը կարող է հաղթել»:

Որքան ժամանակ Կիևը կարող է զսպել ռուսական զորքերին և պաշտպանել քաղաքները, էլեկտրակայաններն ու նավահանգիստները հրթիռային հարձակումներից՝ գնալով անորոշ է դառնում:

Այս ամառ Կիևի հակահարձակման հիասթափեցնող արդյունքները, պնդում է Bloomberg-ը, նաև հարց են բարձրացնում, թե որքանով է իրատեսական Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները վերադարձնելու՝ Ուկրաինայի հայտարարած նպատակը:

Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կձգտի ավելի շատ տարածքներ գրավել և ավելի շատ ենթակառուցվածքներ ոչնչացնել, քանի դեռ Ուկրաինան իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զենք չի ստանում, գրում է Bloomberg-ը: Ռուսաստանցի անկախ փորձագետներն էլ հավելում են՝ Պուտինին սկսված քարոզարշավի ժամանակ լուրջ հաղթանակներ են պետք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG