Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բարիքներից առայժմ Ադրբեջանի իշխող ընտանիքն ու Ալիևի մերձավորներն են օգտվում 


44-օրյա պատերազմից ավելի քան երեք տարի անց Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները հիմնականում անհասանելի են Ադրբեջանի շարքային քաղաքացիների համար։

Թե ինչ է անում իշխանությունը այդ շրջաններում, ադրբեջանցիները բացառապես պաշտոնական մամուլից են տեղեկանում։ Ում էլ բախտ է վիճակվել վերադառնալ իր երբեմնի ծննդավայր, հաճախ դժգոհում են պայմաններից, բողոքում, որ կառավարությունն իրենց հետ հաշվի չի նստել շինարարական ծրագրեր իրականացնելիս։

«Պապենական տունս ադրբեջանցի զինվորներն են քանդել»

«Քանի դեռ ադրբեջանական զորքը չէր մտել Քելբաջար, տունս այս տեսքն ուներ, ամեն ինչ կանգուն էր», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանը պատմել է 90-ականներին Քելբաջարից տեղահանված Չիրագ Հուսեյնովը։

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ այդ տարածքն անցավ Ղարաբաղի հսկողության տակ, տանը հայեր են ապրել։ Բայց երկրորդ պատերազմից հետո, երբ Քելբաջարն անցավ Ադրբեջանին, պապենական տնից միայն պատերը մնացին։ Հուսեյնովը պնդում է, թե ավելի քան 200 քառակուսի մետրանոց տունը ադրբեջանցի զինվորներն են քանդել։

«Մեզ ոչինչ չեն ասել, միանգամից քանդել են, որևէ մեկիս հետ քննարկում չի եղել, որևէ մեկիս չեն տեղեկացրել, ու մինչև հիմա չգիտենք՝ ինչ են արել, կարող եմ միայն ասել, որ մեր տները հողին են հավասարեցրել», - պատմել է Հուսեյնովը։

Քելբաջարի նախկին բնակիչներին կառավարությունն առաջարկում է վերադառնալ ոչ թե իրենց երբեմնի գյուղը, այլ նոր ստեղծվող մի բնակավայր, որը պետք է միավորի շրջանի մի քանի տասնյակ նախկին գյուղեր։

Որոշումը բնակիչների հետ չի քննարկվել, նրանց որևէ մեկը չի հարցրել՝ արդյոք համաձայն են տեղափոխվել Քելբաջար, բայց ոչ թե հայրենի գյուղ, ինչպես երեսուն տարի խոստանում էր իշխանությունը։

Գյանջայի վթարային շենքում տասնյամյակներ ապրող Օլգա Մամեդովան Քելբաջար վերադարձողների հերթում է. կառավարությունից խոստացել են առաջիկա տարիներին նրան հայրենի գյուղում բնակեցնել։

«Ասում են մինչև 24, 25, 26 թվականը կտեղափոխեն։ Մեզ համար դա շատ ուշ է։ Ուզում եմ որպեսզի տանս պայմաններ լինեն՝ բաղնիք, զուգարան, ջեռուցում։ Ես նույնիսկ չգիտեմ, մինչև 26 թվականը ողջ կլինեմ, թե ոչ»։

Հյուրանոցներ տների փոխարեն․ Բաքուն թույլ չի տալիս Շուշիում տուն կառուցել

Շուշիի նախկին բնակիչները մինչդեռ, դրանից էլ են զրկված։ Պատերազմից երեք տարի անց Ադրբեջանի կառավարությունը քաղաքի նախկին բնակիչներին թույլ չի տալիս այստեղ տուն կառուցել կամ նորոգել։ Փոխարենը քաղաքում մեծ թափով հյուրանոցներ են կառուցվում։

Մեկ տարի առաջ Շուշի այցելած «Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակիցը պատմել է, որ տեղում որոշ պետական հիմնարկներ, դպրոցներ, հիվանդանոցներ են կառուցվել, սակայն, բնակելի տների վերականգնումը դեռ չի էլ սկսվել։

Վերաբնակեցման հարցը լուծելու համար Ադրբեջանի կառավարությունը հատուկ ծրագիր է ընդունել՝ «Մեծ վերադարձ», որով խոստանում է «խելացի քաղաքներ ու գյուղեր կառուցել այդ շրջաններում՝ բարձր չափանիշների համապատասխան»։ Մինչդեռ վերադարձողները դժգոհում են՝ խելացի քաղաքների ու գյուղերի ծրագրերը ոչ միայն խորթ են, այլև՝ անհարմար․ գյուղացին, օրինակ, չի կարող տան ետնաբակում կառուցված գոմում կով պահել, ոչ էլ իրավունք կունենա այգում ֆերմա կառուցել։

Ղարաբաղում հողեր վարձակալող ընկերությունները կա՛մ նախագահի ընտանիքին են պատկանում, կա՛մ բարձրաստիճան պաշտոնյաներին

«Ես իմ կյանքն այդպես չեմ պատկերացնում», - ասում է Չիրագ Հուսեյնովը։ Անկախ լրատվամիջոցներն էլ պնդում են՝ լայնորեն գովազդված «Մեծ վերադարձը» իրականում ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա՝ այս անգամ՝ Ղարաբաղում բարեկարգման աշխատանքների քողի տակ։

Կասկած է հարուցել հատկապես այն փաստը, որ ցանքատարածությունները և շինարարական աշխատանքները փոխանցվում են անմիջապես կատարողներին՝ առանց մրցույթի ու որևէ ֆինանսական տեղեկատվության հրապարակման։

Մի շարք հետաքննությունների արդյունքում էլ պարզվել է՝ խոշոր պատվերները տրվել են Ալիևի ամենավստահելի ընկերություններին, որոնք գլխավորում են նախագահական ընտանիքին մոտ կանգնած անձինք։ Օրինակ, 4 գյուղատնտեսական խոշոր միավորումների սեփականատեր են դարձել ընկերություններ, որոնք զարմանալի զուգադիպությամբ կապված են նախագահական ընտանիքի անդամների հետ։

Այս փաստերը բացահայտել է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ով կես տարի է՝ ճաղերի ետևում է կեղծ մեղադրանքներով։ Մինչև ձերբակալությունը նա մի խումբ տնտեսագետների հետ ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզել էր՝ Ղարաբաղում հողեր վարձակալող բոլոր ընկերությունները կա՛մ նախագահի ընտանիքին են պատկանում, կա՛մ բարձրաստիճան պաշտոնյաներին։

2021-2022 թվականներին Ադրբեջանի պետական բյուջեից Ղարաբաղի վերականգնման համար հատկացվել է մոտ 1 միլիարդ 300 միլիոն դոլար։ Նույնքան գումար էլ նախագահի պահուստային ֆոնդից կամ «Ազերէներջիին» և այլ հիմնարկներին հատկացված բյուջեից է դուրս գրվել։ Թե ինչպես են դրանք ծախսվել, հայտնի չէ, որևէ մեկը հաշվետվություն չի հրապարակել։ Միչդեռ լրագրողները պարզել են՝ Ղարաբաղում բազմամիլիոնանոց նախագծերը մասնավոր ընկերությունների են հանձնվում՝ առանց մրցույթի։

Հորադիզ-Աղբանդ մոտ 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցման համար, օրինակ, նախագահի հրամանով հատկացվել է մոտ շուրջ 184 միլիոն դոլար։ Ըստ AbzasMedia-ի՝ Ալիևի վարչակազմը շինարարական այս ծրագիրը վստահել է թուրքական մի ընկերության՝ Kalyon-ին, որի սեփականատերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է։

Շահութաբեր մյուս ոլորտը՝ հազարավոր հեկտարների վար ու ցանքն էլ Ալիևը հանձնել է «Ագրո-կաթնամթերք» ընկերությանը, սա էլ մաս է կազմում «Փաշա Հոլդինգին», որի սեփականատերերից են նախագահի դուստրերը, կինը, կնոջ հայրը։

Այս փաստերը բացահայտած լրագրողները այժմ բանտարկված են։ Ադրբեջանի իրավապահները նրանց մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG