Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընդունել է Սպիտակ տանը: Նա ասել է, թե ամեն բան պետք է արվի՝ ապացուցելու, «որ Վլադիմիր Պուտինը սխալ է»:
«Միացյալ Նահանգները երես չի թեքելու Ուկրաինայից և կշարունակի մատակարարել կարևորագույն զենք ու տեխնիկա այնքան ժամանակ, որքան կարող է: Պուտինն իզուր է հույս փայփայում, թե մենք չենք օգնի Ուկրաինային»,- ասել է Բայդենը:
Զելենսկին, իր հերթին, խոստացել է, որ Ուկրաինան կշարունակի պայքարը և ասել, որ «խելագարություն» կլինի Կիևի կողմից հանուն խաղաղության զիջել սեփական տարածքները:
ԱՄՆ նախագահին հանդիպելուց առաջ Զելենսկին ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում, որտեղ կոչ է արել օրենսդիրներին հաստատել Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ եթե Կոնգրեսը հրաժարվի հաստատել օգնության փաթեթը, դա կդառնա «Սուրբ Ծննդյան նվեր Պուտինին»:
Զելենսկին նշել է, որ ուկրաինական զորքն «ամեն օր է ապացուցում հաղթելու իր կարողությունը, չնայած որոշ քննադատներ պնդում են, որ առաջխաղացումը դանդաղ է է ընթանում»:
Հանրապետական օրենսդիրներն առայժմ արգելափակում են Ուկրաինային և Իսրայելին օգնելու, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանի ամրապանդման համար 106 միլիարդ դոլար տրամադրելու Սպիտակ տան հայտը:
Դեկտեմբերի 4-ին Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ 2023-ի տարեվերջին կառավարությունն այլևս չի ունենա Ուկրաինային զենք մատակարարելու միջոցներ։
Պահպանողականները հայտարարել են, թե կհրաժարվեն հաստատել օգնության փաթեթը, եթե դեմոկրատները և Սպիտակ տունը մերժեն ներգաղթի համակարգի բարեփոխման պահանջը: