Մատչելիության հղումներ

Ավդեևկայի մոտ զոհվել և վիրավորվել է ավելի քան 13 հազար ռուսաստանցի զինծառայող․ Politico


Ուկրաինացիները հետ են մղում ռուսների գրոհը, Ավդեևկայի շրջան, արխիվ, 15 նոյեմբերի, 2023թ.
Ուկրաինացիները հետ են մղում ռուսների գրոհը, Ավդեևկայի շրջան, արխիվ, 15 նոյեմբերի, 2023թ.

Ուկրաինայի արևելքում Ավդեևկա-Նովոպավլովկա գծի երկայնքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 13 հազար ռուսաստանցի զինծառայող:

Ռուսները կորցրել են նաև ավելի քան 220 զրահամեքենա։ Այդ մասին, ըստ Politico հանդեսի, հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը:

Հանդեսի փոխանցմամբ, ամերիկյան հետախուզական ծառայությունները գաղտնազերծել են այդ տվյալները Կոնգրեսի վրա ազդելու համար, քանի որ օրենսդիրները պետք է հաստատեն Ուկրաինային մոտ 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը:

«Այժմ առավել քան երբևէ կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը կարողանա պահպանել սահմանը և վերականգնել տարածքը»,- նշել է Ուոթսոնը:

New York Times-ի փոխանցմամբ, պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել կամ վիրավորվել է 315 հազար ռուսաստանցի զինծառայող:

Դա ստիպել է Կրեմլին «մասնակի զորակոչ» հայտարարել և բանակ կանչել նաև բանտարկյալներին: Ռուսաստանն իր ունեցած 3500 հրասայլերից Ուկրաինայում արդեն կորցրել է 2200-ը:

Հետախուզության տվյալների հրապարակումը համընկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վաշինգտոնյան այցի հետ:

Զելենսկին ամերիկյան Սենատին կոչ է արել հաստատել Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը։

XS
SM
MD
LG