ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանրապետականներին վերստին կոչ է արել հավանություն տալ Ուկրաինային զենք ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու օրինագծին, նշելով, որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վտանգի տակ հայտնվել:
«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա կանգ չի առնի, հարկ է դա ըմբռնել երկարաժամկետ կտրվածքով, նա առաջ է գնալու, նա կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա, իսկ մենք՝ որպես դաշինքի անդամ, պարտավոր ենք պաշտպանել դրա տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հանցագործություններ կատարել Ուկրաինայում:
Նոյեմբերի կեսերին Պենտագոնը հայտնել է, որ ծախսել է իր ստացած 62 միլիարդ 300 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորման 97 տոկոսը, պետական դեպարտամենտն էլ ծախսել է ռազմական օգնության ամբողջ 4 միլիարդ 700 միլիոն դոլարը:
Օրենսդիրները դեռ հավանություն չեն տալիս Սպիտակ տան ներկայացրած օրինագծին, որով պետք է մոտ 106 միլիարդ դոլար հատկացվի Ուկրաինային և Իսրայելին օգնելու և անվտանգության ասպարեզում այլ կարիքներ հոգալու համար: