Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը կքննարկվի առանց Երևանի մասնակցության


Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հավաքին Երևանը մասնակցել է փոխվարչապետի մակարդակով

Թեև Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հավաքին պաշտոնական Երևանն այսօր մասնակցեց փոխվարչապետի մակարդակով, վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ այլ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը կանցնի առանց հայկական կողմից որևէ ներկայացուցչի:

Ազգային ժողովից «Ազատության»-ը վերահաստատեցին՝ Մոսկվա չի մեկնի ոչ միայն խորհրդարանի խոսնակը, այլ նաև՝ Ազգային ժողովի պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր՝ պատճառը ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհություններն են:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել՝ գնանք այնտեղ ինչի՞ համար», - նշել է Ալեն Սիմոնյանը:

Չնայած Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը բոյկոտելու Երևանի այս հիմնավորումներին՝ օրերս Ռուսաստանի նախագահը պնդել էր, թե հայկական կողմի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացներով և կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։ Հայաստանից ևս ընդունում են՝ այդ կառույցներից դուրս գալու մտադրություն առայժմ չունեն, սակայն ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհությունները պահպանվում են:

«Իրավիճակն այնպիսին է, որ մենք ամեն դեպքում մեր գործընկերների հետ պետք է բաց ու թափանցիկ խոսենք, ինչը մենք միշտ արել ենք ու ակնկալել ենք նման պահվածք ու հիմա էլ ենք ակնկալում: Ես ամենայն անկեղծությամբ ուզում եմ հույս հայտնել, որ մեզ ի վերջո կհաջողվի աշխատանքային այնպիսի պայմաններ ստեղծենք, որ երկուստեք մենք կհասկանանք մեր փոխգործակցության արդյունավետությունը», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Մոսկվայում ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը կքննարկվի առանց Երևանի մասնակցության

Այդուհանդերձ, հայկական կողմի բացակայությամբ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի վաղվա նիստում կքննարկվի նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: Դրա ստեղծման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքից հետո, որին Հայաստանի վարչապետը չմասնակցեց:

Այդ օրը ՀԱՊԿ-ը տասնյակից ավելի փաստաթղթեր է ընդունել։ Սպասվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի դրանք, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց:

Պաշտոնական Երևանը այդ օրերին նշել էր, թե կդիտարկի փաստաթղթերին միանալու հարցը, դրանց թվում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը: Արտգործնախարարությունը այս առնչությամբ նոր տեղեկություններ չի հաղորդում: Համակարգին միանալ-չմիանալու հարցով զգուշավոր են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրում»: Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամները առհասարակ չցանկացած մեկնաբանություն տալ:

Իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ, կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս հարցին ուղիղ պատասխան չի տալիս, սակայն առաջարկում է Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին ծայրաստիճան զգույշ վերաբերվել:

«Մենք պետք է շատ սթափ լինենք, պետք է գնահատենք իրավիճակը. Հայաստանի Հանրապետությունն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի աշխատանքների բուռն պրոցեսում, բայց մեզ համար անվտանգային երաշխիքները չափազանց կարևոր են», - նշեց Հակոբյանը:

2016 թվականի հունիսից գործում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որին դեմ էր քվեարկել՝ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե դրա ստեղծմամբ որևէ խնդիր չի լուծվելու և այն հերթական բուտաֆորիան է: Արդյոք այդ համակարգն արդյունավետ չի գործել և նաև դա է պատճառը, որ հայկական կողմը այժմ հապաղում է դրան միանալու հարցում:

«Չեմ կարող նման պնդում անել, մենք ունենք իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումն արտահայտել և արտահայտում է: Նաև ես չեմ համարում հապաղում, ես ուղղակի նշում եմ, որ մենք նմանատիպ պրոցեսներին ծայրաստիճան պատասխանատվությամբ պետք է վերաբերվենք, նամանավանդ հաշվի առնելով մեր նախորդ փորձը, այն խնդիրները, որոնց մենք բախվել ենք որպես պետություն», - ընդգծեց պատգամավորը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը պնդել էր, թե ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG