Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը շեշտում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՀՕՊ ոլորտում


Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, արխիվ
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի ԳՀ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:

Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության մարտական հերթապահություն։ Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ շուրջօրյա հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, օդային սահմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության ոլորտում, որպես փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը նշելով Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը միասնական ուժերով։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և հրամանատարական կազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել համատեղ աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG