Մատչելիության հղումներ

Միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը չընդգրկվեց ԱԺ արտահերթի օրակարգում


Ավելին՝ իշխող ՀՀԿ-ն չի մանրամասնում, թե երբ փաստաթուղթը կդրվի քննարկման․ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, թե համաձայնագիրն արտահերթ նիստում չհայտնվեց, քանի որ Հայաստանը հրատապության խնդիր չի դրել:

«Ձեր հետաքրքրություններն ա եղել պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա խնդիր․․․ Չի եղել նման խնդիր դրված: Ժամկետները որոշում ենք մենք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք», - ասաց նա:

Ակնկալվում է, որ երկկողմ այս համաձայնագիրն արդեն առաջիկա շաբաթներին քվեարկության կդրվի Ռուսաստանի Պետդումայում։

Վահրամ Բաղդասարյանը այստեղ արտառոց բան չի տեսնում՝ վստահեցնելով, թե միացյալ ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը․ - «Թող քննարկեն․․․ Մի պետություն Ռուսաստանն է, մի պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը»:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, վստահ է՝ Հայաստանում համաձայնագիրը օրակարգում կհայտնվի ու կհաստատվի, երբ Հանրապետականը նման հրահանգ ստանա Ռուսաստանից․ - «Միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնության ցանկությունը լիարժեք չէ այս հարցի շուրջ, հետևաբար դա է պատճառը, որ շտապողականություն չի ցուցաբերվում»:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հուսով է, որ Հայաստանը չի վավերացնի համաձայնագիրը: Նրա խոսքով, անգամ իշխանության շրջանակներում են խոսում դրա վտանգավորության մասին։

Քոքոբելյանը պնդում է, որ համաձայնագիրը Հայաստանյան ՀՕՊ ուժերին բաժանելու է ԼՂ հակաօդային պաշտպանության համակարգից․ - «Անջրպետ է մտցվելու, և առանձնացվում է թուղթ ու գրիչով՝ բառիս բուն իմաստով, պայմանագրով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգերը: Դե ֆակտո դա նույնն է, որ առանձնացում է կատարվում նաև անվտանգության համակարգերի միջև»:

Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների համատեքստում անցյալ շաբաթ քննարկման առանցքային թեմա դարձավ նաև մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանը։ Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե իրենց համար անհասկանալի է՝ ինչու է Երևանում տեղադրվել Նժդեհի արձանը, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանը նացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորման ու հերոսացման վերաբերյալ։

Ռուսաստանցի պաշտոնյայի այս խոսքերը Հայաստանում քննադատության արժանացան թե՛ իշխանության և թե՛ ընդդիմադիրների կողմից։ Վահրամ Բաղդասարյանը դաշնակից երկրին խորհուրդ է տալիս լավ ընթերցել Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի կենսագրությունը․ - «Մենք հորդորել ենք, մենք արդեն նյութերը պատրաստել ենք, որպեսզի մեր ռուս առանձին գործընկերները ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը և հասկանան, թե Նժդեհի կարևորությունն ինչքան է եղել հայ ժողովրդի համար»:

Խաչատուր Քոքոբելյանը համարժեք չի համարում Հայաստանի արձագանքը․ նրա համար անընդունելի է հատկապես Արտաքին գործերի նախարարության լռությունը․ - «Առնվազն արտգործնախարարությունը պարտավոր էր, որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության արտգործնախարարություն, բողոքի նոտա հղեր Ռուսաստանի արտգործնախարարությանը: Ցավում եմ, որ մինչև այս պահը չկա: Ես ինքս պատրաստվում եմ պաշտոնական հարցումով հանդես գալ, թե ինչու չի արել արտգործնախարարությունը»:

Զարուհի Փոստանջյանը ռուսաստանցի պաշտոնյաներին խորհուրդ է տալիս չմիջամտել Հայաստանի ներքին որոշումներին․ - «Դա իրենց գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է իրենց, ապա իրենց կողմից դեռ կուռք որպես ճանաչված Լենինի մարմինը․․․ առաջինը նրանք իրենց մեռելից պետք է ազատվեն, որովհետև այդ մեռելը չարիք է եղել ողջ մարդկության համար: Եվ այդ չարիքի հետևանքն է, որ այսօր ունենք քեմալա-բոլշևիկյան սահման»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG