Առնվազն 90 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի Ջաբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, հաղորդում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի առողջապահության նախարարությունը։
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պաղեստինյան կողմի հրապարակած տվյալների արժանահավատությունը:
Իսրայելական կողմից արձագանք չի եղել։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի ծայրահեղականները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելական բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ», «Համաս»-ը հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։
Ըստ պաղեստինցիների՝ իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը անցնում է 18 հազարը։ Այդ թիվը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։ Իսրայելը հաղորդել է ավելի քան 1200 զոհի ու 135 պատանդների մասին։