Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձը «ժամերի, օրերի հարց է»


Հայ ռազմագերիներ Ադրբեջանում, արխիվ
Հայ ռազմագերիներ Ադրբեջանում, արխիվ

Փոխանակման մասին հայ - ադրբեջանական համատեղ հայտարարությունից հետո հայ ռազմագերիների հարազատներն անհանգիստ ու սպասողական դրության մեջ են։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցու, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Պաշտոնական Երևանը մինչև հիմա նրանց անունները չի հրապարակել, ադրբեջանական աղբյուրների ցանկում հիմնականում պատերազմից մեկ ամիս անց շիրակցի պահեստազորայիններն են, նաև՝ պատերազմի վերջին օրը Շուշիից գերեվարված Վիգեն Էուլջեքյանը և համատեղ հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հատուկ շեշտել էին, որ ազատ արձակվողների մեջ չեն Արցախի նախկին ղեկավարները։

Երևանցի Գագիկ Ոսկանյանի ընտանիքում րոպեները դանդաղ են անցնում։ Մայրը՝ Աշխեն Ավետիսյանն անհամբեր է, այսօր զանգահարել է Պաշտպանության նախարարություն, որ մի լուր իմանա։

«Չգիտենք, ոչ մի բան մեզ չեն ասել: Ոչ մեկն էլ չի զանգել, ոչ մեկը, ես եմ զանգել, բայց ոչ մի լուրջ բան չունեմ, ինֆորմացիա: Ես զանգեցի Պաշտպանության նախարարություն, սկի վերցնող էլ չեղավ», - «Ազատությանը» ասաց Աշխեն Ավետիսյանը:

Որդիներին անհամբեր սպասում են նաև պատերազմից մեկ ամիս անց Խծաբերդ գյուղից գերեվարվածների ծնողները, որ երեկ լուրը լսել ու միմյանց էին զանգում.

«Ամսի 7-ին ժամը 7-ի-8-ի կողմերն արդեն, հա, անունը կարդացինք, բոլոր ծնողները մեկը մեկու զանգեցին, ու սպասում ենք»:

Գրիգոր Սաղաթելյանը արդեն երեք տարի է ադրբեջանական բանտում է։ 31-ամյա պահեստազորայինը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ընտանիքի հետ Կարմիր Խաչի միջոցով է շփվում՝ նամակներ, տեսագրություններ ուղարկում։ Հայրը՝ Սեյրան Սաղաթելյան ուսումնասիրել է ադրբեջանական աղբյուրի հրապարակած ցանկը՝ Խծաբերդից գերեվարված բոլոր 26 տղաների անուններն այնտեղ են։

«Խծաբերդի, Շիրակի մարզի 26 տղաներն էլ հետ են գալու: Դեռ պաշտոնական զանգ չենք ստացել: Չեմ զանգել, մենք հույս ունենք, որ մեր Կառավարության անդամները մեզ կտեղեկացնեն, մենք կգնանք դիմավորենք երեխաներին», - ասաց Սեյրան Սաղաթելյանը:

Ռազմագերիների վերադարձի կոնկրետ ժամկետ Կառավարությունը չի նշում։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հավանաբար ժամերի, օրերի հարց է։

«Ես ևս կխուսափեմ անուն հնչեցրել, նախ՝ որ մանրամասներին ծանոթ չեմ՝ այդ ցանկերին և այլն, բացի այդ՝ շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, և չշրջանառել անունները », - նշեց Խանդանյանը:

Հայաստանն իր հերթին արտահանձնում է ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյն Ախունդովին ու Ագշին Բաբիրովին։ Նրանք ապրիլին էին հատել Հայաստանի սահմանը։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար, իսկ Ախունդովը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար։ Օրերս Վերաքննիչ դատարանը բավարարել էր տուժողի բողոքը՝ Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Ադրբեջանում հայերին մեղադրում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորման կազմավորում, նրանցից շատերը դատապարտվել են 6-ից մինչև 20 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG