Խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը զուգահեռ, Հայաստանն ու Ադրբեջանը երեկ ԵԱՀԿ նախարարների համաժողովում փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Երևանը Բաքվին, Բաքուն էլ Երևանին մեղադրեց խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու և իրականում այլ նպատակներ հետապնդելու մեջ։
Քննադատության սլաքն ուղղելով նաև միջազգային հանրությանը՝ Հայաստանի արտգործանախարարն իր ելույթում ընդգծեց՝ միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի նպատակը, ստացավ Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի՝ նախ 9 ամիս անմարդկային պաշարման, ապա՝ ռազմական ագրեսիայից հետո բռնի տեղահանելով Արցախի բնիկ ժողովրդին։
Միաժամանակ, Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ամբիոնից զգուշացրեց՝ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել և այժմ թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը:
«Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ», - հայտարարեց Միրզոյանը:
Չնայած տեղի ունեցած հումանիտար աղետին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց՝ Երևանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստան ֊ Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, այդ թվում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, որոնք չեն կարող անտեսվել:
«Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղված համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող է ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն», - ընդգծեց Արարատ Միրզոյանը:
Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել ուղիղ բանակցությունները
Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում չարձագանքեց հայկական կողմի պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղից հետո Ադրբեջանը հիմա էլ Հայաստանի ողջ տարածքն է թիրախավորել։ Փոխարենը՝ Ջեյհուն Բայրամովը մեղադրեց Հայաստանին խաղաղության գործընթացը ձգձգելու մեջ։
Նախ արդարացնելով սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Արցախի դեմ՝ Բայրամովը պնդեց, թե այսպես կոչված հակաահաբեկչական մեկօրյա գործողությունից հետո որևէ հայ բնակչի չեն ստիպել լքել Լեռնային Ղարաբաղը, ընդհակառակը՝ Ադրբեջանը պարբերաբար կոչ է արել տեղի հայերին վերաինտեգրվել և դառնալ Ադբեջանի քաղաքացի:
Անդրադառնալով արդեն խաղաղության պայմանագրին՝ Բայրամովը նախ հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ապա մեղադրեց Հայաստանին խաղաղության գործընթացն անհարկի ձգձգելու համար:
«Հայաստանից պահանջվեց ավելի քան երկուսուկես ամիս՝ պայմանագրի նախագծի շուրջ իր առաջարկները ներկայացնելու համար։ Նույն սկզբունքով, որոշ կողմերի կողմնակալ և միակողմանի գործողությունները լրջորեն ազդում են գործընթացի վրա», - հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Բայրամովը ԵԱՀԿ նախարարական համաժողովում վստահեցրեց ՝ Ադրբեջանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերսկսել ուղիղ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը ավարտին հասցնելու նպատակով։ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանին առաջարկել են հանդիպել հայ - ադրբեջանական սահմանին կամ որևէ անկողմնակալ երկրի տարածքում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Ադրբեջանը և Հայաստանը պատմական հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման և խաղաղ կողք-կողքի ապրելու համար՝ որպես երկու ինքնիշխան երկրներ։ Եկել է այդ հնարավորությունն օգտագործելու ժամանակը։ Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը», - հայտարարեց Բայրամովը:
Թե որ սուբյեկտները կամ կողմերն են, ըստ Բաքվի, ինտրիգներով ձգձգում խաղաղության գործըթացը, Ադրբեջանի արտգործնախարարն անուններ չհնչեցրեց։ Ավելի վաղ Բաքուն կողմնակալ էր համարել Վաշինգտոնին ու Փարիզին։
Բաքուն փորձում է ստանալ առավելագույնը՝ նաև ռազմական ճանապարհով. քաղաքական մեկնաբան
Ինչպե՞ս է առհասարակ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրումը, եթե Երևանը խոսում է Բաքվի կողմից Հայաստան ողջ ինքնիշխան տարածքը թիրախավորելու մասին։ Եվ արդյո՞ք Բաքուն ծրագրում է ռազմական նոր ագրեսիա Հայաստանի դեմ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, որ Բաքուն չի էլ թաքցնում ռազմական ճանապարհով առավելագույնին հասնելու նպատակները: Ադրբեջանն, ըստ վերլուծաբանի, իրականում մտադրություն չունի խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ մտածում է, որ անկլավների հարցն արդեն լուծված է, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով դրանք ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, մեկնաբանի կարծիքով, Բաքուն այժմ դիտարկում է անկլավներից զատ, նոր ձեռքբերումների մասին, որոնց կարող է հասնել նաև ռազմական ճանապարհով։
«Ադրբեջանը այդ խնդիրը դիտարկում է առնվազն երկու տրամաբանությամբ՝ մեկը՝ նախ ինքնին ստանալ Երևանից այդ անկլավները, որոնք փաստացի լինելու են ադրբեջանական հենակետեր Հայաստանի տարածքում, մյուսը՝ ստանալ ռազմական որևէ քայլի, որևէ գործողության, այսպես ասենք, լեգիտիմ իրավունք՝ արդեն ռազմական գործողության հնարավորության պարագայում շատ ավելին վերցնելու նկատառումով, քան բուն այդ անկլավները իրենց պատկերացմամբ», - նշեց Բադալյանը:
«Այսինքն՝ Ադրբեջանի վերջնանպատակը անկլավները չեն, այլ՝ ավելին», - «Ազատության» այս դիտարկմանը քաղաքական մեկնաբանն արձագանքեց. - «Ես կարծում եմ՝ այո, և Ադրբեջանի վարքը, քաղաքականությունը առնվազն դա ցույց է տալիս»:
Վերլուծաբանի համոզմամբ՝ Բաքուն տեսնում է, որ աշխարհում այս պահին ուժն է դարձել քաղաքական գործիք, և քանի որ այսօր ունի այդ ուժային առավելությունը Հայաստանի նկատմամբ, հետևաբար՝ որևէ փաստաթղթով չի պատրաստվում իրեն սահմանափակել, այլ ցանկանում է հասնել առավելագույնին՝ նաև ռազմական ճանապարհով: