Մատչելիության հղումներ

Բաքվում Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 11-ը


4 ամիս առաջ Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունն այսօր ադրբեջանական դատարանում կարճ տևեց։ Գյանջայի քրեական դատարանում դատավորները ճշտեցին նրա ինքնությունը, որոշ փաստաթղթեր, հայտարարվեցին՝ ըստ ադրբեջանական իրավապահների՝ դիվերսիոն հարձակման հինգ տուժողների տվյալները, ապա նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 11-ը։

25-օրյա վարժական հավաքներին մասնակցող երևանցի տղամարդուն Բաքուն ներկայացնում է որպես դիվերսանտ։ Պնդում են, որ Ոսկանյանը փորձել է նաև հատել պետական սահմանը, իսկ իրենց, հրազեն կիրառելով, հաջողվել է կասեցնել այն։

40-ամյակը ադրբեջանական գերության մեջ բոլորած Գագիկի մայրը հուզվում է՝ ախր որդին ի՞նչ կապ ունի այս ծանր հանցագործությունների հետ, ընդամենը պետության առջև պարտքն էր կատարել՝ առօրյա գործերը թողել ու մեկնել վարժական հավաքների։ 8 օր էր մնացել, որ գար հասներ տուն՝ ասում է Աշխեն Ավետիսյանը:

«17 օրն անցել էր, 8 օր էր մնում: 25 օր պիտի մնար, գար, էն էլ էդ կատարվեց», - ասաց մայրը:

Պաշտոնական Երևանը ամռանը հերքել էր դիվերսիոն փորձի վերաբերյալ Բաքվի պնդումը, տարածել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մոտենում անհասկանալի ձևով ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ռազմական գերատեսչությունից հայտնել էին, թե քննում են Ոսկանյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածն ու մյուս հանգամանքները։ Սրանից հետո, սակայն, չի հայտարարվում, թե, ի վերջո, ի՞նչ պարզեց ռազմական գերատեսչությունն ու ի՞նչ հանգամանքներում Ոսկանյանն առևանգվեց։ Այսօր էլ պետական մարմինները «Ազատությանը» նոր տեղեկություն չտրամադրեցին։

Աշխեն Ավետիսյանը անցած 4 ամիսներին երկու նամակ է ստացել որդուց։ Նրա հետ կապը ապահովում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Գագիկը ծնողներին հորդորել է իրենց լավ նայել։ Վերջերս էլ մայրն այցելել է Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ, հանդիպել ղեկավարի հետ։

«Իրանք ինձ տրամադրեցին էդ նկարները, իրան, որ տարելի են, էդ սենյակում ա էլի ինքը, երկու մահճակալ կար, բայց ինքն էր մենակ: Ընդհանուր պայմանները լավ են, որովհետև Կարմիր խաչի ուղղության տակ է էլի ինքը հիմա: Աստծուց շնորհակալ եմ, որ գոնե տենց հավատարիմ մարդիկ կան, բարի», - նշեց մայրը:

Ադրբեջանն օտարերկրացի փաստաբանների ծառայություններն իր երկրում գրեթե անհնար է դարձրել. իրավապաշտպան

Գագիկ Ոսկանյանի դատավարությունը չի տարբերվում մյուս ռազմագերիների դատավարությունից, նկատում է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպանը։

Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է ընդամենը մեկ ամիս առաջ 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Թե՛ նա, թե՛ Գագիկ Ոսկանյանը ապակիներով առանձնացված խցում միայնակ են՝ առանց փաստաբանի, այնինչ երկուսի դեպքում էլ Բաքուն հայտարարել է, թե նրանց փաստաբան է տրամադրել։ Բայց կադրերում փաստաբան չկա, կա միայն թարգմանիչ։

«Արդարադատության իրականացումը որպես պրոցես հիմնավոր չէ, այստեղ մենք ունենք արդարադատության իմիտացիա: Առհասարակ անաչառությունը հայատյացության պայմաններում, իրավաբանական օգնության որակը, թարգմանության որակը, և, իհարկե, անձի՝ ճնշումներից զերծ լինելու և ազատ կամարտահայտությամբ ցուցմունքներ հայտնելու իրավունքն է, ինչը ևս խիստ սահմանափակված է Ադրբեջանում», - ընդգծեց Սահակյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի գնահատմամբ՝ Ադրբեջանն օտարերկրացի փաստաբանների ծառայություններն իր երկրում գրեթե անհնար է դարձրել, իսկ իր ներսի փաստաբանները չեն կարող անաչառ պաշտպանել ազգությամբ հայերի իրավունքները։

Իրավապաշտպանի տվյալներով, այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, նրանց թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և Արցախի նախկին ղեկավարության ութ ներկայացուցիչ։

Ադրբեջանում հայերին մեղադրում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելու համար, նրանցից շատերը դատապարտվել են 6-20 տարի ժամկետով ազատազրկման։

XS
SM
MD
LG