Ադրբեջանցի զինծառայողների կողմից այսօր Քելբաջարի շրջանում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները՝ վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ «իրենց հետաքննության արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգում»։ Նշյալ «խմբին» ադրբեջանցի իրավապահները վերագրում են «հրազենի գործադրմամբ սպառնալիքներ» հնչեցնել, «ահաբեկչական դավադրություն մշակել՝ նպատակ ունենալով ազդել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որոշումների վրա՝ ազգային ատելություն սերմանելու և վնաս պատճառելու, նույնիսկ մահ պատճառելու նպատակով»։
Ադրբեջանական կողմը պնդում է՝ «դիվերսիոն խմբի» դեմ, որի անդամ է ներկայացնում ձերբակալված հայ պահեստազորայինին, քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունն էլ հայտնել, որ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հաստատել էր տեղեկությունը՝ նրան անվանելով «դիվերսանտ»։ Ըստ Բաքվի՝ ձերբակալվածը Գագիկ Ոսկանյանն է։