Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանում ավարտվեց Գագիկ Ոսկանյանի գործով նիստը, հաջորդը՝ դեկտեմբերի 11-ին


Բաքվի դատարանում այսօր ավարտվեց Ջերմուկի դիրքերից գերեվարված 40-ամյա պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով նիստը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդման՝ դատարանն այսօր միայն հստակեցրել է «մեղադրյալի անձնական տվյալները»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին։ Ոսկանյանի շահերը Բաքվի դատարանում պաշտպանում է փաստաբան Դիլսուզ Մամեդովը։

Ադրբեջանցի զինծառայողները Գագիկ Ոսկանյանին գերեվարել են այս տարվա օգոստոսի 16-ին Ջերմուկի դիրքերից։ Բաքուն նույն օրը հայտարարեց, թե կեսօրին Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն, վիրավորված զինծառայողը ձերբակալվել է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց մեղադրանքը՝ այն բացարձակ սուտ համարելով, միաժամանակ տեղեկացնելով, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները։

Բաքուն ձերբակալությունից մի քանի ժամ անց Ոսկանյանի դեմ պետական սահմանը հատելու ու ահաբեկչության հոդվածներով քրեական գործ հարուցեց, պնդեց, որ նա «դիվերսանտ է, գործել է խմբի կազմում»։

Այսօր Բաքուն նշել է գործով հինգ տուժողների անուններ՝ Էլվին Հուսեյնզադե, Իսրաֆիլ Մամեդով, Խայալ Դաշդամիրով, Ալի Քերիմով և Թոֆիկ Իսմայիլով։

Ադրբեջանական լրատվամիջոցները Տելեգրամի իրենց ալիքներում այսօրվա նիստից նաև տեսանյութ են հրապարակել։

XS
SM
MD
LG