Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից երեկ ձերբակալված պահեստազորայինի ծնողները այս պահին որդուց որևէ տեղեկություն չունեն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին ձերբակալված Գագիկ Ոսկանյանի ծնողները կեսօրին «Ազատության» այցից րոպեներ առաջ էին ձեռնունայն վերադարձել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից։ Որդուց որևէ տեղեկություն այս պահին չունեն։

Միջազգային կառույցից ծնողներին տեղեկացրել են՝ զբաղվում են հարցով ու կփորձեն տեսակցել Ադրբեջանում պահվող պահեստազորայինին։

Բաքուն ձերբակալությունից մի քանի ժամ անց Ոսկանյանի դեմ պետական սահմանը հատելու ու ահաբեկչության հոդվածներով քրեական գործ հարուցեց, պնդեց, որ նա դիվերսանտ է, գործել է խմբի կազմում. մի մեղադրանք, որ հայկական կողմը կտրականապես հերքեց։

Ծնողները տարակուսած էին՝ ինչպե՞ս է Բաքուն դիվերսանտ ներկայացնում իրենց որդուն, որն ընդամենը երկու շաբաթ առաջ էր մեկնել վարժական հավաքի։ 40-ամյա տղամարդը Երևանից է, միջադեպը Ջերմուկի դիրքերում է եղել, արցունքն աչքերին պատմում էր տագնապած մայրը։ Տիկին Աշխենն ասաց՝ Գագիկի հետ մեկ օր առաջին էին խոսել, ոչ մի բողոք չի ունեցել։

Առայժմ չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորայինի ծնողները տեսացխիկի առաջ խոսել չցանկացան, իրենք էլ գաղափար անգամ չունեն՝ ինչպես է նման բան եղել. պաշտպանական գերատեսչությունն առայժմ լուռ է, տեղի ունեցածից ավելի քան 24 ժամ անց որևէ պարզաբանում չկա:

Ի՞նչ է հայտնի կատարվածի մասին. Պաշտպանության նախարարությունը երեկ նախ հայտնեց, որ նախնական տվյալներով պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը։ Սրան հաջորդեց Բաքվի հայտարարությունը՝ պնդեցին՝ Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն, վիրավորված զինծառայողը ձերբակալվել է։

Ավելի ուշ Երևանը հերքեց մեղադրանքները՝ այն բացարձակ սուտ որակելով, հաղորդագրության հետ Պաշտպանության նախարարությունը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի զինվորականներ մեկին մեքենա նստեցնում ու հեռանում տարածքից: Ռազմական գերատեսչությունը միայն տեղեկացրեց, որ քննում են Գագիկ Ոսկանյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածն ու մյուս հանգամանքները։

Ադրբեջանական աղբյուրները գրում են, թե Ոսկանյանին բուժօգնություն են ցուցաբերել, հարցաքննել են, ինքն էլ ասել է, թե 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պահեստազորայինի ծնողները, մինչդեռ, պնդում են՝ իրենց որդին ռազմական գործողություններին չի մասնակցել։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն այսօր պահեստազորայինի հարցով դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Սա նշանակում է, որ Բաքուն առաջիկայում պետք է միջազգային դատարանի սահմանած ժամկետում տեղեկություն փոխանցի Գագիկ Ոսկանյանի մասին։

Ըստ իրավապաշտպանի՝ երեկվա միջադեպը ցույց է տալիս, որ վարժանքների ընթացքում պահեստազորայիններին լավ չեն նախապատրաստում

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը նշեց. - «Ես կկապեմ այս իրողությունը նախկին դեպքերի հետ, երբ ծառայության ընթացքում զինծառայողներ էին մահանում, հարազատներն այդ մասին իմանում էին բավականին ուշ, շատ դեպքերում իմանում էին լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունից: Այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը հարազատների հետ կապը անմիջապես չէր պահում: Նմանատիպ խնդիր ունենք նաև հիմա, ոչ միայն հարազատներին տեղեկացնելու, տեղեկություն հայտնելու, այլ նաև հենց դեպքի մասին մանրամասները տարածելու մասով Պաշտպանության նախարարությունը կրկին նույն մոտեցումն է ցուցաբերում՝ չհայտնելով որևէ տեղեկատվություն»:

Պարտադիր վարժական հավաքների ընթացքին հետևող ու խախտումներն արձանագրող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ երեկվա միջադեպը ցույց է տալիս, որ վարժանքների ընթացքում պահեստազորայիններին լավ չեն նախապատրաստում, չեն բացատրում անվտանգության կանոնները:

«Նաև շատ տարօրինակ է, որ 25 օրով վարժական հավաքների մեկնած անձինք, կոնկրետ այս դեպքում անձը, հայտնվում է մի տարածքում, որի մասին ինքը տեղեկություն չունի, չգիտի, որ կարող է վտանգ ներկայացնել այդ տարածքն իր կյանքի ու առողջության համար, և ունենք այն արդյունքը, որն ունենք», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ինչպե՞ս է պահեստազորայինը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում, ի՞նչ էր անում այնտեղ, ինչո՞ւ որևէ մեկը նրան չի կանգնեցրել, արդյո՞ք իսկապես ինքնակամ լքել է դիրքը, թե՞ մոլորվել է, պաշտպանական գերատեսչությունն այս հարցերից և ոչ մեկին դեռ չի պատասխանում։

XS
SM
MD
LG