Ադրբեջանի զինծառայողները հայ պահեստազորայինի են ձերբակալել. Բաքուն պնդում է՝ այսօր կեսօրին Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն, վիրավորված զինծառայողը ձերբակալվել է։ Ադրբեջանական աղբյուրները զինվորի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մեղադրանքը՝ այն բացարձակ սուտ համարելով, միաժամանակ տեղեկացնում, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները։
Ռազմական գերատեսչությունը Բաքվի հայտարարության կեղծ լինելը ցույց տալու համար մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են մի քանի զինվորականներ մեկին մեքենա նստեցնում ու հեռանում տարածքից:
«Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ մոտենում են դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել», - հաղորդում է ՊՆ-ը։
Ավելի ուշ հրապարակված տեսանյութի վերաբերյալ հաղորդագրություն նաև ադրբեջանական կողմը տարածեց՝ պնդելով, թե կադրերն այսօրվա միջադեպի հետ որևէ առնչություն չունեն։
Հայկական կողմն առայժմ պահեստազորայինի անունը չի հրապարակել, միայն սկզբնատառերն են նշում, որոնք համընկնում են Բաքվի հայտնած անվան հետ. ըստ Ադրբեջանի՝ ձերբակալվածը 1983 թվականին ծնված Գագիկ Ոսկանյանն է։ Բաքուն արդեն իսկ պետական սահմանը հատելու ու ահաբեկչության հոդվածներով քրեական գործ է հարուցել։
Մինչդեռ օրվա առաջին կեսին, երբ ադրբեջանական կողմը միջադեպի վերաբերյալ հրապարակավ դեռ ոչինչ չէր հաղորդել՝ պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, թե պահեստազորայինը, նախնական տվյալներով, ինքնակամ է թողել մարտական դիրքը։ Տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններն այսքանով սահմանափակվում են, որևէ այլ տեղեկություն այս պահին չկա։
Ինչպե՞ս է պահեստազորայինը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում, ի՞նչ էր անում այնտեղ, ինչո՞ւ որևէ մեկը նրան չի կանգնեցրել և եթե նա ինքնակամ է լքել մարտական դիրքն, ինչո՞ւ գրեթե ամբողջ օրվա ընթացքում ոչինչ պարզել չեն կարողացել. Հայաստանի պաշտպանության նախարարությունից այս հարցերի վերաբերյալ արձագանք ստանալ չկարողացանք։ Միայն հայտնում են՝ քննում են պահեստազորայինի տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։
Այս միջադեպը նախորդում է Երևանի ժամանակով այս գիշեր նախատեսված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, օրակարգում Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացման հարցն է։ Այսօր տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը տարացեց՝ Երևանին մեղադրելով նիստին ընդառաջ «սադրանքներ կազմակերպելու մեջ»։
Միմյանց ուղղությամբ կրակելու, սահմանային միջադեպեր հրահրելու փոխադարձ մեղադրանքների այս նոր ալիքը սկսվեց նախորդ շաբաթավերջին։ Կողմերը գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդում են հրադադարի խախտման մասին։ Երեկ էլ Վերին Շորժայում հայ զինծառայող վիրավորվեց, որի վիճակն, ըստ Պաշտպանության նախարարության, ծանր է։