Մատչելիության հղումներ

Վիճկոմի թվերը վկայում են՝ ընտանիքներում մարդկանց միջին եկամուտները նվազել են


Սուպերմարկետ Երևանում, արխիվ
Սուպերմարկետ Երևանում, արխիվ

Քաղաքացիների բարելավված ապրուստի մասին իշխանությունների պարբերական դարձած պնդումներին, տնտեսական աճը մատնացույց անող հայտարարություններին զուգահեռ պաշտոնական թվերը վկայում են՝ ընտանիքներում մարդկանց միջին եկամուտները նվազել են։

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը վարող մարմինը աղքատության տարեկան զեկույցն է հրապարակել՝ ամփոփելով 2022 թվականը։ Ընտանիքներում մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտները վերջին տարիների շարունակական աճից հետո 2022-ին նվազել են՝ 76 հազար դրամից 74 հազար դրամ։

Մի քանի ամիս առաջ, մինչդեռ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում էր. - «Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»:

Միջին ամսական եկամուտները ներառում են աշխատավարձը, գյուղմթերի վաճառքը, վարձակալության դիմաց վճարները, թոշակները և այլն։

Վիճկոմի զեկույցի համաձայն՝ նվազել են ինչպես քաղաքային բնակչության, այնպես էլ գյուղերում ապրողների եկամուտները։

Տնային տնտեսությունների եկամուտը բնակչության կենսամակարդակը գնահատող կարևորագույն ցուցանիշներից մեկն է, շեշտում է Վիճակագրական կոմիտեն։

12-տոկոսանոց տնտեսական աճով, ռեկորդային բարձր ֆինանսական հոսքերով ուղեկցված՝ 2022-ին արձանագրված նվազմանն իշխանություններն առայժմ չեն անդրադառնում։ Նույն Վիճկոմի ցուցանիշներին հաճախ հղումներ անող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանություն չտվեց՝ վեց օր առաջ հրապարկված զեկույցին դեռ չի հասցրել ծանոթանալ. - «Պետք է ուսումնասիրեմ, չէ, չեմ կարդացել: Հետևաբար՝ ոչ մի հարցի չեմ պատասխանում»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը կրճատումը եկամուտների անարդար ու ոչ արդյունավետ բաշխմամբ է պայմանավորում։ Ըստ նրա, տնտեսական աճից օգտվել են քչերը՝ գերշահույթ ունենալով:

«Եթե բանկային համակարգում շահութաբերությունը երեք անգամ աճել է, դա չի նշանակում, որ Բերդում, Ճամբարակում մարդկանց եկամուտներն ավելի են աճել, քան գներն են աճել: Այսինքն՝ մի քանի ոլորտ, որ օգտվել են, էստեղ գերշահույթներ ունեն՝ մեկ օրինակ նշեցի, մյուսը՝ ծառայությունների ոլորտը, առևտրի ոլորտը՝ պահանջարկի աճով պայմանավորված գերշահույթներ ունեն, էդ չի նշանակում, որ էդ եկամուտներն արդար բաշխվում են և, ասենք, օրինակ, լուծում են առաջնահերթ խնդիրներ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Վիճակագրության բացվածքը նաև վկայում է՝ մեկ շնչի հաշվով միայն աշխատավարձերը կրճատվել են միջին խավի ընտանիքներում, ամենաապահով տնային տնտեսություններում դրանք ավելացել են։

Հրապարակված թվերը շատ հեռու են հենց քաղաքացիների նշած անհրաժեշտ եկամուտների չափից։ Վիճկոմի հարցումներին պատասխանելիս հայաստանցիներն ասել են՝ շատ լավ ապրելու համար մեկ մարդուն ամսական 314 հազար դրամ է պետք, 165 հազարը կբավականացնի լավ կյանքի համար։ Գոյատևելու համար էլ առնվազն 67 հազար է պետք։

XS
SM
MD
LG