Ազատանցի Մնաց Մալխասյանը ցորենը հավաքել ու տան տանիքում է ամբարել։ Այս տարվա բերքից գոհ է, ցորենի շուկայական գնից՝ խիստ դժգոհ։
«70-80 կասեն հիմա, բայց էդ գնով 100 տոկոս չենք վաճառի, ծախսն ավելի շատ է կազմում», - ասաց Մալխասյանը:
Ազատանցի գյուղատնտեսն ասում է՝ սովորաբար բերքահավաքի ժամանակ հացահատիկի գինը նվազում է, հետո բարձրանում։ Անցած տարի կիլոգրամը 180 դրամով են մթերել. - «Էս տարի հլը խորաթա չկա բարձրանալու»:
«Գարի է, մթերում են 75 դրամ: եթե վերցնում ես քո ծախսերը, մեկը մյուսի տեղը չի փակում», - նշեց ազատանցի Ալեքսան Մկրտչյանը:
Մկրտչյանն ասում է՝ նույնիսկ այս ցածր գնով մթերելն է դժվար. - «Լինում են պահեր, որ կետերը, որ ցորեն, գարի են ընդունում, էլ չեն ուզում վերցնեն շատ լինելու պատճառով»:
Եթե անցած տարի 1 տոննա հացահատիկը 180 հազար դրամով էր վաճառում, հիմա պետք է 2,5 տոննա վաճառի, որ այդքան գումարը ստանա։ Հացահատկի գնանկման ֆոնին գյուղատնտեսական աշխատանքների գներն են բարձրացել։ Ի՞նչ է կարողանալու անել 1 տոննա հացահատիկից ստացած գումարով։
«Լավագույն դեպքում կարողանամ էս պահի դրությամբ իմ մի հա հողը մշակեմ, վարեմ ու կուլտիվացիա անեմ», - նշեց Մկրտչյանը:
Ազատանում նաև ֆերմերային տնտեսություններ կան։ Սեյրան Ոսկանյանը պետական աջակցության ծրագրից է օգտվել ու 13 հեկտար ցորեն ցանել։ Հեկտարից 50-60 ցենտներ ցորեն է ստացել։ Որոշ քանակ արդեն վաճառել է, որ աշխատողներին ու գյուղտեխնիկայի համար վճարի։ Բայց մեծ մասն ամբարել է ու չի պատրաստվում 80 դրամով վաճառել։
Ասում է՝ եթե մեկ հեկտարի դիմաց 120 հազար դրամ պետական աջակցությունը ստացած չլիներ ու ներկայիս գնով բերքն իրացներ, ապա բավականին վնաս կկրեր։ Եթե այդ ծրագիրը չշարունակվի, ապա աշնանը ավելի քիչ ցորեն կցանի։
«Եթե շարունակելու է, ավելի լավ, նորից ցանքսերը նորմալ կկատարեն: Եթե էս գնով մնաց, պետությունն էլ էդ գումարը չտրամադրի, էդ ծրագրից չօգտվենք, ինչ-որ չափով ցանքատարածությունները կնվազեն, թե չէ էս գնով 4 տոննա բերք ստանաս, 80 դրամով քո ծախսերն էլ չի փակի, էդ տրամադրած գումարն էլ, որ չլիներ, մինուսով էր գյուղացին», - ասաց Սեյրան Ոսկանյանը:
Գյուղատնտեսներն ու տնտեսագետները համարում են, որ գնանկման պատճառը Ռուսաստանից ներկրված էժան հացահատիկն է։ Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը դեռ նախորդ տարվանից մնացած հացահատիկի իրացման լուրջ խնդիր ունի, դրան էլ գումարվեց այս տարվա բերքը, ինչը հանգեցրեց գնանկման։
Հայաստանցի ներկրողներն «Ազատությանն» ասել էին, որ Ռուսաստանում 1 կգ ցորենը 4 ռուբլու սահմաններում է, ռուբլու արժեզրկումն էլ մյուս կողմից ու ստացվում է ներկրելն ավել էժան է ստացվում, քան տեղում արտադրելը։ Բայց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի կիսում գյուղացիների դժգոհությունը, թե 80 դրամով իրացնելիս վնաս են կրում։
«Չնայած գներն ընկել են, բայց հաշվի առնելով մեր աջակցության ծավալը, ֆերմերներն, այնուամենայնիվ, եկամտաբեր են աշխատել», - ընդգծեց Քերոբյանը:
Մեկ ամսից աշնանացանն է սկսվում։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք կառավարությունը շարունակելու է հացահատիկի մշակման աջակցության ծրագիրը։