Մատչելիության հղումներ

Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ծավալը նվազել է ավելի քան 20 տոկոսով


Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ծավալը նվազել է ավելի քան 20 տոկոսով. այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան ուղարկված և այստեղից դուրս եկած գումարների մաքուր տարբերությունը, այսինքն այն միջոցները, որոնք մնացել են Հայաստանում, 1.3 միլիարդ դոլար են կազմել։ 2022-ի նույն ժամանակահատվածում մաքուր ներհոսքը շուրջ 1.8 միլիարդ էր։

Փորձագետների կարծիքով՝ այս անկումը ցույց է տալիս՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների ներհոսքի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թուլանում է:

«Պահանջարկով պայմանավորված տնտեսական աճը նաև ի հաշիվ դրամական փոխանցումների եռապատկման էր, բայց գործոնը թուլացավ, և, այո, ցավոք սրտի, այդ կանխատեսումներն իրականանում են ու հիմա հակառակն է տեղի ունենում», - ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը:

Ավետիսյանն անցած տարի էլ էր ասում՝ այդ հոսքերը արտաքին պատճառներ ունեն և ամենևին կառավարության աշխատանքի արդյունքը չեն։ Տնտեսագետն ընդգծում է՝ արագ աճող հոսքերը նաև հակառակ՝ ելքի հակում ունեն. - «Հիմա մենք էդ փուլում ենք արդեն, իսկ էդ ելքը սթրեսի է ենթարկում նաև տնտեսական գործընթացները»:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ դեպի Հայաստան դրամական մուտքերը շեշտակի ավելացան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ի ապրիլին, հենց այդ շրջանում սկսվեց ռուսաստանցիների ներհոսքը, մեկ տարի թվերն աճում էին, այս տարվա մարտից պատկերը փոխվել է՝ փողի մուտքերն ու ելքերն ուղիղ հակառակ միտումն են ցույց տալիս։

Ու թեև արտերկրից ուղարկված գումարների ծավալը շարունակում է մեծ մնալ, փոխարենը Հայաստանից դուրս եկող միջոցների չափն է շեշտակի աճել։ 2023-ի առաջին 9 ամիսներին մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան մտած 4 միլիարդ 260 միլիոն դոլարից գրեթե 3 միլիարդն արդեն է դուրս եկել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս էր եկել գրեթե կրկնակի ավելի քիչ՝ 1.7 միլիարդ դոլար։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ անցած տարվա մեծ դրամական ներհոսքը այստեղ հիմնականում չկապիտալիզացվեց, գումարները ներդրումների չվերածվեցին և այդպես էլ մնացին բանկային հաշիվներում՝ հիմա դրանք հեռանում են:

«Պատկերավոր ասած եկան Հայաստանում թաքնվեցին, հիմա նաև աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված հեռանում են Հայաստանից: Այսինքն՝ էդ տաք փողերի էֆեկտն էդպիսին է, մարդիկ իրենց կապիտալը հանում են երկրից, որտեղ կա ռազմական բախման հավանականություն», - նշեց տնտեսագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ փողը Հայաստանում պահելու համար առաջին հերթին ներդրումային միջավայրն է պետք զարգացնել ու ավելի գրավիչ դարձնել գումար ունեցողների համար, որպեսզի մարդիկ այլ երկրներում տարբերակներ չփնտրեն:

«Պետք է ունենանք զարգացած բորսա, որտեղ մարդիկ կարողանան, օրինակ, բաժնետոմսեր, պարտատոմսեր ձեռք բերեն, նաև բիզնես սկսելու հնարավորություններ ունենան Հայաստանում, այդ միջավայրը լինի ու նրանք կարողանան իրենց մտքերը, նախագծերն այստեղ իրականացնեն», - ասաց Պարսյանը:

Գումարների այս ելումուտի առյուծի բաժինը Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին է հասնում։ Այս տարի Հայաստանից Ռուսաստան քաղաքացիներն արդեն իսկ կես միլիարդ դոլար են ուղարկել, գրեթե երկու անգամ շատ քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ 9 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներ 323 միլիոն է փոխանցվել, գրեթե 60 տոկոսով ավելի շատ, քան անցած տարի։

XS
SM
MD
LG