Մատչելիության հղումներ

Լրացավ Վրաստանի «Վարդերի հեղափոխության» 20-ամյակը


Հեղափոխության առաջնորդը այն դիմավորեց ճաղերի ետևում։

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» տեղի ուեցավ, որի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հիմա գտնվում է ճաղերի ետևում:

«Վարդերի հեղափոխության» 20-ամյակի կապակցությամբ Սաակաշվիլիի հիմնադրած Ազգային միացյալ շարժումը 11 կետից բաղկացած մանիֆեստ է հրապարակել, ուր ասվում է, որ կուսակցությունը համախմբվում է երկիրը ազատելու միակ օլիգարխից ու վերջ տալու երկրի ոչ-ֆորմալ կառավարման արատավոր համակարգին։

Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը զավթվել է ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից։ Ազգային միացյալ շարժումը հայտարարում է, որ պատրաստվում է հաղթել 2024-ի խորհդարանական վճռորոշ ընտրություններում։

Իշխող ուժի՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդներից, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդդիմության հրապարակած մանիֆեստի կապակցությամբ ասել է, որ Սաակաշվիլիի կառավարումը Վրաստանին վատ հետևանքների էր բերել։ «Մենք ավտորիտար ռեժիմ էին ստացել», - ասել նա։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վարդերի հեղափոխությունը» երկրին բերեց մարդկանց խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, բիզնես ռեկետ, տարածքի 20 տոկոսի կորուստ, ուստի հեղափոխության 20-ամյակը տոնելը նրանց կողմից «պարզապես լկտիություն է, ոչինչ ավելի»։

Միխեիլ Սաակաշվիլին, որն առողջական վիճակի պատճառով ավելի վաղ մեկուսարանից տեղափոխվել է հիվանդանոց, առցանց մասնակցելով իր հանդեպ հարուցված գործով դատական նիստին, ասել է, որ «Վարդերի հեղափոխությունը» կարողացավ անել անհնարինը, իսկ հետհեղափոխական կառավարման 9 տարիների ժամանակաշրջանը նա համարել է ամենահաջողը Վրաստանի պատմության մեջ։

«Իհարկե, տնտեսական նման աճի, կոռուպցիայի ու կրիմինալի դեմ պայքարի պայմաններում կլիներ առճակատում։ Մենք պայքարում էինք կոռուպցիայի ու կրիմինալի դեմ, նրանք պայքարում էին մեր դեմ։ Մենք պայքարում էինք Ռուսաստանի ոչ-ֆորմալ ազդեցության դեմ, ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջ ուժով պայքում էր մեր դեմ», - ասել է Սաակաշվիլին։

20 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցավ առաջին հեղափոխությունը հետխորհրդային տարածքում։ 2003-ի նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ Ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից հետո նա ընկել էր լրագրողների հարցերի տարափի տակ՝ «ո՞ւր եք գնում, պարոն նախագահ»: «Տուն»,--պատասխանել էր Շևարդնաձեն:

Թբիլիսիի կենտրոնում մարդիկ ցնծում էին, պարում փողոցներում, տոնում հեղափոխության հաղթանակը։

Մինչ այդ գրեթե մեկ ամիս հանրահավաքներն ու ցույցերը չէին դադարում, որոնք հաջորդել էին խորհրդարանական ընտրություններին։ Ընդդիմությունը, որի առաջնորդներն էին Միխեիլ Սաակաշվիլին, Զուրաբ Ժվանիան և Նինո Բուրջանաձեն, իշխանություններին մեղադրում էին ընտրությունները կեղծելու մեջ։ Նոյեմբերի 22-ին նշանակվել էր նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստը, որը Շևարդնաձեի համար դարձավ վերջինը։ Խորհրդարանում նրա ելույթի պահին Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ ցուցարարները վարդերը ձեռքներին ներխուժեցին դահլիճ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Շևարդնաձեն չհասցրեց ավարտել ելույթը, անվտանգության աշխատակիցները նրան դուրս տարան դահլիճից։ Երեկոյան նա արտակարգ դրություն հայտարարեց, բայց հաջորդ օրը հրաժարական տվեց։

Հեղափոխական իշխանությունները շատ արագ նշանակալից բարեփոխումներ կատարեցին՝ կոռուպցիայի դեմ պայքարում, կառավարման համակարգում, բայց հաջողությունների հետ մեկտեղ իրավապաշտպանները 2006-ին արդեն մտահոգություններ էին հայտնում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման, մամուլի ազատությունների սահմանափակման կապակցությամբ, երբ եթերազրկվեց ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկը։

Սաակաշվիլին ու նրա քաղաքական թիմը պարտություն կրեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ երկիրն արդեն անցել էր խորհրդարանական կառավարման։ Իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ը։ Որոշ ժամանակ անց նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ սկսեցին քրեական գործեր հարուցվել։ Նա հեռացավ երկրից։ Անցած տարի, ՏԻՄ ընտրություններից առաջ Սաակաշվիլին գաղտնի վերադարձավ Վրաստան, իրավապահները հայտնաբերեցին ու ձերբակալեցին նրան, ու Վարդերի հեղափոխության» 20-ամյակը հեղափոխության առաջնորդը դիմավորեց ճաղերի ետևում։

XS
SM
MD
LG