Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պատրաստ է ստանձնել վրացական ընդդիմության առաջնորդությունը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռավար կարգով մասնակցում է դատական նիստին, Թբիլիսի, 20-ը նոյեմբերի, 2023թ.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռավար կարգով մասնակցում է դատական նիստին, Թբիլիսի, 20-ը նոյեմբերի, 2023թ.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր, հեռավար կարգով մասնակցելով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող հերթական նիստին, հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել իր իսկ ստեղծած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարությունը։

2022 թվականի մայիսից Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում գտնվող Սաակաշվիլին նշել է, որ պատրաստ է «համակարգել կուսակցության քաղաքական խորհրդի գործունեությունը, դրա ղեկավարությունը, ինչպես նաև պատասխանատվությունն այն բանի համար, որ կուսակցության նախկինում հեռացված անդամները կվերադառնան դրա շարքեր, իսկ «Ազգային միացյալ շարժումը» բաց կլինի այլ մարդկանց և միավորումների համար»։

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում` գտնվելով անազատության մեջ:

XS
SM
MD
LG