Մատչելիության հղումներ

Թբիլիսիում վիճում են, թե ում շնորհիվ է Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանում


Արխիվ
Արխիվ

Պայքար դափնիների համար՝ այսպես կարելի է բնութագրել այն, ինչ կատարվում է Վրաստանի քաղաքական դաշտում վերջին 24 ժամերին։ Երկրի գործող և նախկին նախագահները, կառավարությունն ու ընդդիմությունը երեկվանից վիճում են՝ ում ջանքերի շնորհիվ էր, որ Վրաստանը կարողացավ հասնել ընդամենը մի քանի տարի առաջ անհավանական թվացող այս ձեռքբերմանը՝ Եվրամիության (ԵՄ) թեկնածու պետության կարգավիճակին։

«Սա հիրավի պատմական օր է, և Եվրահանձնաժողովի որոշումը իր բնույթով իրոք պատմական է։ Վերջին մեկ տարում մենք օրական 24 ժամ էինք աշխատում, որպեսզի կատարենք ԵՄ կողմից ներկայացված 12 պահանջները։ Այսօր մենք տեսանք, որ Եվրահանձնաժողովի զեկույցը միանշանակորեն դրական էր, և այն կազմվել էր մեր կողմից ձեռք բերված արդյունքի հիման վրա», - Եվրահանձնաժողովի որոշման հրապարակումից անմիջապես հետո Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հատուկ ընդգծելով, որ երկիրը նման արդյունքի չէր հասնի առանց «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլիի։

«Սա տեղի չէր ունենա, եթե Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» իր թիմակիցների հետ միասին չիրականացներ այն պատմական բեկումը, որը շարունակեց այս մեծ, ազգային վրացական գործը», - ասել է Վրաստանի վարչապետը։

Վրացական ընդդիմության արձագանքն այս հայտարարությանը ավելի քան կանխատեսելի էր։ Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» ղեկավարները վստահ են՝ Եվրամիությունը Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ է շնորհում ոչ թե կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ, այլ դրանց հակառակ։

«Ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պայքարի առաջին փուլում վրաց ժողովուրդը հաղթեց։ Չնայած ձեռնարկված սաբոտաժին՝ մենք հաղթեցինք ժողովրդի անկոտրում կամքի և Եվրոպայի՝ Վրաստանի ռուսական նահանգի վերածումը կանխելու ցանկության շնորհիվ»,-շեշտել է «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլիի անմիջական ղեկավարը՝ այժմ անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իր հերթին, վստահ է՝ Վրաստանի եվրոպական ճեղքումն անհնարին կլիներ առանց իր գործադրած ջանքերի։

Ֆեյսբուքում նախօրեին արված գրառման մեջ Սաակաշվիլին հիշեցնում է, որ հենց իր պաշտոնավարման օրոք էր՝ 2011 թվականին, որ Թբիլիսի ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համոզմունք հայտնեց, թե Վրաստանը հաստատ մի օր ԵՄ անդամ կդառնա։

Սաակաշվիլին երեկ նաև կիսվել էր Լեհաստանի նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգայի գրառմամբ, որը նշում էր, թե Վրաստանը երբեք այսքան չէր մերձենա ԵՄ-ի հետ, եթե չլինեին 2000-ականների երկրորդ կեսին ձեռնարկված բարեփոխումները։

Վրացական ընդդիմության ոչ սաակաշվիլիական թևը ևս վստահ է՝ երկրի կառավարությունը դեմ չէր լինի, եթե Բրյուսելը մերժեր անդամակցության հայտը։

«Չնայած սաբոտաժի բոլոր փորձերին՝ չնայած այն իրողությանը, որ կառավարությունը այդպես էլ չկատարեց ԵՄ պահանջների մեծ մասը, չնայած ռուսական իշխանությունների բոլոր ջանքերին՝ վրաց ժողովուրդը արժանի գնահատական ստացավ Եվրահանձնաժողովի կողմից։ Այնպես որ, ես իմ ցավակցություններն են փոխանցում «Վրացական երազանքին» Եվրահանձնաժողովի այս որոշման առթիվ», - նշել է ընդդիմադիր «Լելո» կուսակցության ղեկավար Բադրի Ջափարիձեն։

Բնական է, որ այս բանավեճից անմասն չէր կարող մնալ նաև ընդամենը մի քանի շաբաթ առաջ պաշտոնազրկումից խուսափած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Որպես նախագահ որպես եվրոպամետ առաջնորդ՝ ավելի քան երբևէ ես շարունակելու եմ կատարել ինձ վերապահված դերը՝ նպաստելու համար այն բարեփոխումների կայնքի կոչմանը, որոնց անհրաժեշտությունը դեռ զգացվում է», - X սոցիալական ցանցում գրել է գրեթե որևէ իրական լիազորություն և իշխանական լծակ չունեցող Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլիի կողմից հիշատակված բարեփոխումների մանրամասն ցանկն, ի դեպ, առկա էր Եվրահանձնաժողովի երեկ հրապարակած փաստաթղթի մեջ։ Եթե նախորդ տարի Բրյուսելի կողմից Թբիլիսիին ներկայացված նախապայմանների ընդհանուր ցանկը 12 կետ էր ընդգրկում, ապա այժմ այդ թիվն իջել է 9-ի։ ԵՄ ներկայացուցիչների պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունները երկրի անդամակցության գործընթացը հաջողությամբ շարունակելու համար պետք է վերացնեն քաղաքական դաշտում առկա բևեռացվածությունը, նվազեցնեն օլիգարխների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, ամատական բարեփոխումների ենթարկեն ընտրական և դատական համակարգերը։

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համոզմամբ, սակայն, եվրոպացիները առանցքային պահանջը հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումն է։

Իսկ Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթի հիման վրա Վրաստանին ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ շնորհելու վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում մեկնարկող Եվրամիության ավանդական տարեվերջյան գագաթնաժողովի ընթացքում։

XS
SM
MD
LG