«Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաջորդ տարվա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն կստանա», - այսօր հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն 2024 թվականի ընտրությունների արդյունքում երկրում պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորվի, որն էլ բանակցություններ կվարի ԵՄ հետ։
«Հասկանալի չէ, թե ի՞նչ կոալիցիոն կառավարության մասին է խոսքը։ Քաղաքական դաշտի արմատական թևը, որի շարքերը համալրել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին, ամբողջությամբ կտրվել է իրականությունից։ Նրանք չեն զգում, թե ինչ է կատարվում երկրում, չեն զգում մարդկանց վերաբերմունքն իրենց հանդեպ։ «Վրացական երազանքը» միակ քաղաքական ուժն է, որ կարող է հաղթել խորհրդարանական ընտրություններում՝ այն էլ սահմանադրական մեծամասնությամբ», - նշել է Կալաձեն։