Մատչելիության հղումներ

Հեռակա բանավեճ Արամ Սարգսյանի և Հայկ Մարությանի միջև


Երևանի ավագանու իշխանական ու ընդդիմադիր ուժերի միջև լարվածությունը չի մարում: Հիմա էլ նախկին քաղաքապետ, այժմ ավագանու ընդդիմադիր անդամ Հայկ Մարությանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն են հեռակա բանավիճում:

Սարգսյանը երեկ Հանրայինի եթերում ավագանու ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Թևանյանին ու Հայկ Մարությանին որպես ռուսամետ ուժեր ներկայացրեց, ընդգծելով՝ ամբողջական իշխանափոխությունից քաղաքապետի ընտրությունների օրերին միայն նրանք են խոսել: «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասում է՝ հենց այդ թեզն էր քննարկվում նաև ռուսական քարոզչամեքենայի առաջատարի՝ Առաջին ալիքի եթերում, որտեղ հաղորդավար Բուտինայի հյուրն էր նաև Թևանյանը: Մեկժամանոց այդ հաղորդման ընթացքում հաճախ փաստերի խեղաթյուրմամբ քննադատում ու վիրավորում էին Հայաստանի վարչապետին։

«Եթե հիշում եք, Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը համաձայնել էին փաստաթուղթ ստորագրել ամբողջական իշխանափոխության մասով: Հիմի հիշեք այ էդ Բուտինայի հաղորդման ժամանակ ինչի՞ց էին խոսում՝ ամբողջական իշխանափոխությունից: Է՛դ մարդիկ սպասարկում են բացարձակ է՛դ շահը: Ու իրենք էդ «կոնսենսուս մինուս 1»-ը չեղավ, ու իրենք էդ չեն մարսում, բայց ես խոստացել էի, որ «կոնսենսուս մինուս 1» չեք ունենալու, դուք էդ ռուսական ուժերով իշխանության չեք գալու, ինչքան էլ ձեզ ճղեք, թե դերասան եք, ռուսական չեք, ռուսակա՛ն եք: Հենց մենակ էն, որ համաձայնել եք, որ ամբողջական իշխանափոխության կողմ եք, դա ֆիքսում է, որ դուք ռուսական եք», - Հանրայինի եթերում հայտարարեց Արամ Սարգսյանը:

Անդրանիկ Թևանյանը չի արձագանքել Արամ Սարգսյանի պնդումներին, իսկ ավագանիում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Ազգային առաջընթաց»-ի անդամ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ է պատասխանել։

Ընդգծել է՝ ավագանու ընտրություններից հետո ինքը հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ-իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը, առանց նախապայմանների բացառել ՔՊ-ի վերարտադրությունը Երևան քաղաքում։

«Ի հակառակ դրան, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունը փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին», - գրել է հեղափոխությունից հետո քաղաքապետ ընտրված, հետո իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված Մարությանը։

«Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե մենք «դրսից եկող հանձնարարություններ» ենք կատարում։ Ընդ որում, Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով «5-րդ շարասյանն» ու «դրսի ուժերին ծառայությանը»։ Սա, քաղաքական անբարոյականություն լինելուց բացի, առաջին հերթին հակասում է դեմոկրատական, մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին», - պնդում է նախկին քաղաքապետը:

Ավագանու նախորդ նիստը նույնպես անցավ լարված մթնոլորտում: Հայկ Մարությանի թիմը բոյկոտեց փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունն ու լքեց դահլիճը: «Հանրային ձայն»-ի անդամները Մարությանի թիմին քննադատեցին այդ քայլի համար, իսկ Արամ Սարգսյանի կուսակցությունից Անի Խաչատրյանը, որ ավագանիում ղեկավարում է «Հանրապետություն» խմբակցությունը, ասաց՝ Մարությանը պետք է գա ու իր ղեկավարման տարիների համար պատասխան տա:

«Հաշվի առնելով, որ ելույթ ունեցողը շատ հաճախ է մերկապարանոց հայտարարություններ անում, չեմ կարծում, որ այդ անձին մենք պետք է պատասխանենք, առավել ևս՝ Հայկ Մարությանը», - այսպես արձագանքեց Անի Խաչատրյանին Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը:

Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո իշխանությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ձևավորել ավագանիում, Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց «Հանրապետություն» խմբակցությունից ստացած ձայների շնորհիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG