Մատչելիության հղումներ

Ավինյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը


Երևանի քաղաքապետարանում, արտահերթ նիստում, այսօր տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։

«Ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչներին», - ասաց Ավինյանը։

Նա երդվեց նաև «պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»։

Արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք։

Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում, ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ, իշխող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորեց նորընտիր քաղաքապետին՝ նշելով՝ սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանում ավագանու ընտրություններին, այդ առիթով արտահայտել են դիրքորոշում:

«Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց: Եվ սա շատ կարևոր արձանագրում է», - մասնավորապես ասաց վարչապետը:

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG