ԵՄ-ի համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է, իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, շատ ավելի քիչ կարևոր է, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Անդրադառնալով Ալիևի Գրանադա չգնալու որոշմանը՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն հիասթափված էր, քանի որ կարծում է՝ դա կարևոր հնարավորություն և բավականին կարևոր ֆորում է՝ ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը միևնույն ժամանակ շեշտել է՝ ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում՝ հնարավորինս շուտ:
«Ամսաթվերը, իհարկե, կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ», - ասել է Կլաարը։
Բաքուն հայտարարել է, թե խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում։
«Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից»
Անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Կլլարը միանգամայն տրամաբանական է համարել, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
Նա ընդգծել է՝ կիսում են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը։
«Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով», - ասել է Կլաարը։
«Բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր»
Խոսելով Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադառնալու իրավունքից Կլաարն ասել է՝ սա շատ կարևոր է, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի և ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:
«Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
«Շատ կարևոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը»
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության պայմանագիրը, ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն, Կլաարը պատասխանել է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը:
«Իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաև շատ կարևոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաև ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարևոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաև Հայաստանի», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։