ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Բրյուսելում երեկ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը։
Նիստը համանախագահել են փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան: Անդրանիկ նիստը հունվարին էր՝ Երևանում։
Խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը, ասված է համատեղ հայտարարությունում:
Ըստ Արտաքին քաղաքական գերատեսչության՝ «ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա»։
Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը:
Օրերս Բրյուսելում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հանդիպել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Հայաստանը պատրաստ է Բրյուսելի առաջարկած ձևաչափով շարունակել բանակցությունները։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա անանուն աղբյուրն «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար, սակայն առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին։
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստին կողմերը քննարկել են նաև ԵՄ քաղաքական մշտադիտարկման առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը:
Պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ վերադարձի իրավունքը, նաև նշվում է հայտարարությունում։
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024-ին։