Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու մտադրության վերաբերյալ հայտարարություններ կամ փաստաթղթեր չեն ստացվել, ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ոչ մի հայտարարություն չի եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է նա։
Գեներալ-գնդապետի խոսքով՝ կազմակերպությունում ոչ ոք երբևէ չի խոսել կովկասյան տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության կորստի կամ Հայաստանից հեռանալու տարբերակի մասին:
«Կարծում եմ, որ մեր պետությունների իմաստուն ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Սիդորովի փոխանցմամբ, Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել 2023 թվականի համատեղ միջոցառումներին: Երկրում կարող է ցանկացած վիճակ ստեղծվել, և ՀԱՊԿ-ն այդ պարագաներում երկրի կայացրած որոշումները չի քննարկում:
Միևնույն ժամանակ, ըստ Սիդորովի, Հայաստանը մասնակցում է օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը և մշտական կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը, հետևաբար, գործընթացը շարունակվում է։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
Նոյեմբերի 23-ին Մինսկում գումարվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այդ գագաթնաժողովին։
Դրա նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։