Մատչելիության հղումներ

Երևանը շարունակում է դժգոհել ՀԱՊԿ-ից, սակայն կառույցը լքել դեռ չի պատրաստվում


Արխիվ
Արխիվ

Պաշտոնական Երևանը շարունակում է դժգոհել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) իր պայմանագրային պարտականությունները չկատարելու համար, սակայն կառույցը լքել դեռ չի պատրաստվում: Վարչապետ Փաշինյանը, որը չի մասնակցի հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին, այսօր խորհրդարանում, այդուհանդերձ, շեշտեց՝ նոր գործընկերներ գտնում են։

«Մենք փնտրում ենք և գտնում ենք այդ անվտանգային գործընկերներին, փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, և դա է մեր քաղաքականությունը։ Եթե նկատի ունեք, թե ռազմավարական առումով որն է մեր քաղաքականությունը, մենք որևէ քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը», - ասաց նա։

Անդրադառնալով Մինսկ չմեկնելու իր որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Մոսկվայի առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքը չի արձագանքել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, ընդ որում՝ մի քանի անգամ։ ՀԱՊԿ-ը դե յուրե հրաժարվում է արձանագրել, թե Հայաստանում որն է իր պատասխանատվության գոտին: Սա վարչապետը մեծ խնդիր է համարում:

«Մենք այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կարող է կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ասաց նա:

Հայաստանը 2021 և 22 թվականների ադրբեջանական հարձակման ժամանակ ռազմական օգնության համար դիմել էր ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև Ռուսաստանին։ Երկու դեպքում էլ Երևանի դիմումները մնացին անպատասխան։

Այն, որ հայաստանցի պաշտոնյաները Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը բոյկոտում են ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից անկնկալած ռազմական օգնությունը չստանալու պատճառով, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հայտարարեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մինչ այս Երևանից թեև բոյկոտում էին ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի նիստերը, սակայն հրապարակային պատճառներից չէին խոսում։

«Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված, և այդ հարցերի որոնց պատասխանները ակնկալում ենք, որ մեր գործընկերները կտան», - ասել է նա:

Երևանը հայտարարում է՝ ՀԱՊԿ անդամ լինելը արտաքին քաղաքական հարցերում «խնդիր չէ»

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին պնդեց՝ ՀԱՊԿ առաքելություն չեն կարող ընդունել, քանի որ չկան հստակ արձանագրումներ Հայաստանի սահմանների վերաբերյալ: Իսկ այս փուլում Հայաստանի խնդիրն է անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը, քանի որ այդ ոլորտում գործընկերները, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, նաև օբյեկտիվ պատճառներով Երևանին չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել։

Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ ՀԱՊԿ անդամ լինելը այլ երկրների հետ հարաբերություններում Հայաստանի համար որևէ խոչընդոտ չէ։ Մինչդեռ մոտ կես տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չբացառելով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու կամ կասեցնելու հեռանկարը, հակառակի մասին էր հայտարարում՝ շեշտելով, թե այդ դաշինքի անդամ լինելը առնվազն անվտանգության ոլորտում խոչընդոտներ ստեղծում է:

«Դուք գիտեք, Հայաստանի Հանրապետությունը սպառազինության ոլորտում այլ հնարավորություններ չի՞ ունեցել այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, այդ հնարավորությունները եղել են, բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է Հայաստանի ՀԱԿՊ անդամ լինելով, ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ», - նշել էր նա:

Թե որ երկրների մասին էր խոսում Փաշինյանը, հայտնի չէ։ Բայց, օրինակ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը 2021-ի ապրիլին «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտել էր՝ Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը Միացյալ Նահանգները կարող է տրամադրել Հայաստանին:

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մասին պետք է հայտարարի Արևմուտքից հստակ երաշխիքների դեպքում


Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չի կայացնում՝ հաշվի առնելով Ռուսաստանից սպասվող հնարավոր վտանգները, դրանց թվում՝ Ադրբեջանին Հայաստանի դեմ հարձակման մղելը: Ըստ Բաղդասարյանի՝ Երևանը ՀԱՊԿ-ը լքելու մասին պետք է հայտարարի միայն այն դեպքում, երբ Արևմուտքից ստանա հստակ անվտանգային երաշխիքներ:

«Գործընթացները ակնհայտորեն այդ ուղղությամբ էլ ընթանում են, բայց սա ամենավտանգավոր փուլն է, որովհետև կտրուկ հրաժարվել անվտանգային մի համակարգից առանց մյուսից առարկայական երաշխիքներ ստանալը կարող է մեր իրավիճակում վտանգավոր լինել, այսինքն՝ ես կարծում եմ, որ պետք է ոչ թե քննարկել այն հարցը, թե անվտանգային որ համակարգն է ավելի հուսալի, այլ պետք է քննարկել այն հարցը, թե որքան է վտանգավոր այս իրավիճակում անվտանգային համակարգ փոխել առանց երաշխիքների», - ասաց նա։

Վերլուծաբանն, այդուհանդերձ, ՀԱՊԿ նիստերը բոյկոտելը սխալ է համարում, կարծում է՝ հայաստանցի պաշտոնյաները խնդիրների մասին հենց այդ հանդիպումներին պետք է բարձրաձայնեն: Վարչապետ Փաշինյանը մինչդեռ այսօր պնդում էր՝ հայկական կողմը իրեն հուզող հարցերից խոսել է, սակայն լուծումներ այդպես էլ չեն տրվել։

XS
SM
MD
LG