Մատչելիության հղումներ

Գյումրին նաև տնտեսական վնասներ է կրում ռուսական ռազմաբազայից


Ռուսական ռազմաբազան Գյումրիում, արխիվ
Ռուսական ռազմաբազան Գյումրիում, արխիվ

The Wall Street Journal-ի լրագրող. - Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

Փաշինյան. - Մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել:

Եթե վարչապետ Փաշինյանը չի տեսնում ռուսական ռազմաբազայի անվտանգային առավելությունը, ապա Գյումրիում, որտեղ այն տեղակայված է, նաև տնտեսական վնասներն են հաշվում։ Բանն այն է, որ Մոսկվան ոչ մի լումա չի վճարում ռազմաբազայի զբաղեցրած հսկայական տարածքների համար ոչ Հայաստանի պետական, ոչ էլ Գյումրիի համայնքային բյուջե։

Թեև ռուսական բազայի զորամասերը Գյումրիի վարչական տարածքում են, բայց քաղաքապետարանից «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են, թե չեն կարող ասել՝ դրանք քանի հեկտար են զբաղեցնում։ Փոխարենը, քաղաքի քարտեզների օգնությամբ այդ հաշվարկն արել է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Քարտեզի վրա ցույց տալով զորամասերից մի քանիսը՝ Բարսեղյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Հատուկ չեմ չափել, բայց մասշտաբով երևում է այստեղ՝ մոտավորապես 2 քառակուսի կմ 54-ից, այսինքն՝ քաղաքի մակերեսից 4-4.5 տոկոսը զբաղեցված է 102-րդ ռազմաբազայի զորամասերով»։

Ըստ Գյումրիի ավագանու նախկին անդամի՝ մոտ 200 հեկտար տարածքը եթե վարձակալությամբ տրամադրվեր, ապա համայնքի բյուջեն բավականին կհամալրվեր։

«Քաղաքը ունի պոտենցիալ փող, որը զնդանած է, փակած է, ու տասնամյակներով էդ փողից չի կարողանում օգտվել, կամ ունեցվածք, ասենք, հզորություն ինչ-որ, որից չի օգտվում։ Իսկ քաղաքը շատ կարիքներ ունի», - ընդգծեց Բարսեղյանը:

Գյումրիի տարեկան բյուջեն 12.5 միլիոն դոլար է, այնինչ, ըստ Բարսեղյանի, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում գրեթե 200 միլիոն դոլարի կարիք կա։ Քաղաքային իշխանությունը պետք է հստակ քայլերի դիմի, կարծում է ավագանու նախկին անդամը։

«Ամենաարդյունավետ ճանապարհը, կարծում եմ, էս եղած բարդ դրության մեջ պետական իշխանությանը դիմելն է և ասել՝ գիտե՞ք, մեր քաղաքի ջանից է գնում էս ամբողջը, հարգելի պետություն, մեր դոտացիայի բանաձևի մեջ հատուկ գործակից մտցրու, չկա էդ գործակիցը հիմա, համայնքների ֆինանսական համահարթեցման մասին օրենքում եղած բանաձևերի մասին է», - ասաց Լևոն Բարսեղյանը՝ շարունակելով. - «Քաղաքի վարչական տարածքի 4 տոկոսը մոտավորապես լավ-լավ տեղեր՝ քարափներ են, ձորեր են, ձորակներ են, կանաչապատ տարածքներ են, որոնք կարող էին արդյունավետ լինել և օգուտ բերել քաղաքին, չունենք: Հիմա, ի՞նչ կլինի, որ դու մեր դոտացիայի բանաձևի մեջ ինչ-որ մի գործակից մտցնես և մեր կորցրածի չափ մեզ ավել փող տաս»:

Քաղաքային իշխանությունները, մինչդեռ, «Ազատությանը» տված պատասխանում պնդել են, որ նույնիսկ մոտավոր հաշվարկ չունեն, թե ռազմաբազայի զբաղեցրած տարածքներն ինչ արժեքով կարող էին վարձակալության տալ ու որքան գումար է բյուջեն կորցնում։

«Տարածքները վարձակալության տրամադրելու կամ օտարելու հարց ընդհանրապես չի քննարկվել, հետևաբար՝ նաև նման գնահատում չի իրականացվել», - հայտնել են քաղաքապետարանից։

Ռուսական կողմը չի վճարում նաև իր բազայի տարածքներում գտնվող մի քանի տասնյակ շինությունների գույքահարկը։ Մի քանի տարի առաջ Գյումրի քաղաքային իշխանությունները բարձրացրեցին բազայի ռազմական տեխնիկայի՝ համայնքային ճանապարհներին տված վնասը փոխհատուցելու հարցը։ Այս խնդիրը միջպետական հանձնաժողովում քննարկվեց, բայց Մոսկվան գումար այդպես էլ չհատկացրեց։

Շահո՞ւմ է քաղաքը ռազմաբազայի ներկայությունից, թե՞ տուժում. ավագանու նախկին անդամն ասում է՝ մինչև 2044 թվականը գործող հայ-ռուսական միջպետական պայմանագիրը կնքելիս ոչ ոք համայնքի կարծիքը հաշվի չի առել:

«Օտար երկրի ռազմական բազա տեղակայելը մեկ այլ երկրում դա միջպետական համաձայնագրերով որոշվելիք հարց է, և այսպես թե այնպես՝ այդ փաստաթղթերը ավելի ավելի բարձր կարգավիճակում են, քան տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները: Եվ շատ հաճախ այսպիսի պատմություն ունեցող երկրներում համայնքի կարծիքը ոչ ոք էլ չի հարցրել և չի հարցնում, չի էլ հարցնելու», - ընդգծեց Բարսեղյանը:

Ռուսական ռազմաբազան, որն ըստ բաց աղբյուրների 3-ից 5 հազար զինվորական ունի, անհատույց տարածքներ է զբաղեցնում նաև Գյումրիի մերձակա գյուղերում։ Ռուսաստանը Հայաստանից բացի ռազմաբազաներ ունի հետխորհրդային մի քանի այլ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում։

XS
SM
MD
LG