Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Գյումրիում ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. պնդում է խանութի սեփականատերը


Կիրակի օրը Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպ է եղել։ Ըստ բազայի մոտակայքում գտնվող «Ռոսիա» մսամթերքի վաճառակետի սեփականատիրոջ՝ երեք հարբած զինծառայողներ են մտել խանութ ու քանի որ իրենց վատ են պահել, աշխատակիցները նրանց դուրս են հրավիրել։ Սեփականատերը, որ չցանկացավ ներկայանալ ու տեսանկարահանվել, բայց համաձայնեց ձայնագրվել, պատմեց, որ երեք զինվորները 10-15 րոպե անց վերադարձել են մի քանի անգամ ավելի մեծ խմբով ու ծեծել խանութի աշխատակիցներին։

«Խմած, իրենց անշնորհք պահելուց հետո դուրս հրավիրեցինք, որից հետո վիրավորված գնացին, մոտավորապես մի 15-20 հոգով եկան, հարձակվեցին խանութի աշխատողների վրա, հաճախորդների վրա, աֆիցեռներ էին։ Չափելուց հետո 1500 է ցույց տվել, այսինքն՝ գարյաչկա, տեղում տարել են, չափել», - ասում է նա։

Վաճառակետը ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ է, տարածքում նաև պարեկներ են եղել, բայց, ըստ սեփականատիրոջ, նույնիսկ այդ հանգամանքը չի կաշկանդել զինվորականներին. - «Ցերեկով, պարեկները կանգնած, ոչ մի բանից էլ չեն վախենում, արտոնյալ են։ Եթե ոստիկանությունը շուտ չհասներ, ով գիտի՝ ինչ պիտի լիներ հետո»։

Ասաց՝ մարմնական վնասվածք ստացած աշխատակիցները տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն. - «Քիթն է ջարդվել, ուղեղի ցնցում ունի»։

Գյումրու ԲԿ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ օրը միայն մեկ հոգի է քթի կոտրվածքով իրենց մոտ տեղափոխվել, նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Սեփականատերն ասում է՝ ռուսական ռազմաբազայի զիծառայողները միշտ են առևտուր արել իրենց խանութից, բայց նման դեպք առաջին անգամն է պատահում։

Արդյոք մտավախություն չունի, որ այս միջադեպը կարող է շարունակվել. ասում է. - «Ոչ մի մտավախություն էլ չունեմ, մենք իրենցից չենք էլ վախենում, որ մտավախություն լինի»։

Տարածքում տեղադրված տեսախցիկներն ամբողջը ֆիքսել են, ասում է սեփականատերը։ Ոստիկանությունից «Ազատությանը» հաստատեցին, որ ծեծկռտուք եղել է, երեք հոգի է ձերբակալվել, բայց անուններ չհայտնեցին։ Իսկ Քննչականից միայն փոխանցեցին, որ քրեական վարույթ է սկսվել, նախաքննություն է ընթանում։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք երեք ձերբակալվածներն էլ ռազմաբազայի զինծառայողներն են, և ինչ խափանման միջոց կընտրվի նրանց նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG