Քննչական կոմիտեն (ՔԿ) չի մեկնաբանում տեղեկությունները, որ Գյումրիում երկու օր առաջ 37-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալված տղամարդը ռուսական ռազմաբազայի զինվորական է։ Կոմիտեի խոսնակն այսօր հրաժարվեց հավելյալ տեղեկություն տրամադրել «Ազատությանը»։
Մինչդեռ դեպքի վայրում արված լուսանկարներում կասկածյալը զինվորական համազգեստով է։ Իրավապահները մինչ այս պահը միայն հայտնել են, որ ձերբակալվածը 20 տարեկան է և Ռուսաստանի քաղաքացի։ Սպանված կինը ևս Ռուսաստանի քաղաքացի է, նրա դին իրավապահները հայտնաբերել էին իր ու կասկածյալի համատեղ վարձակալած բնակարանում։
Ինչո՞ւ է նախաքննական մարմինը գաղտնի պահում սպանության մեջ կասկածվողի զինվորական լինելու հանգամանքը, տարիներ շարունակում Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեությանը հետևող ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հետևյալ բացատրությունն ունի. «Երևի մեր պետական իշխանությունը որոշել է լրացուցիչ չբորբոքել հանրության հիշողությունը և զայրույթը զորամասի, զինծառայողների վարքի կամ այդպիսի հանցագործությունների կապակցությամբ: Ինչքան հասկանում եմ, Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ուղղակի արձանագրային ժլատ տեքստ է»:
Հայտնի չէ նաև՝, թե որտեղ է պահվում ձերբակալված քաղաքացին՝ հայաստանյան բանտում, թե ռուսական բազայում: Այս հարցը ևս Քննչական կոմիտեն անպատասխան է թողնում։ Լևոն Բարսեղյանը հիշեցնում է՝ մինչ այս պահը Գյումրիում ռուս զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերից հետո մեղադրյալները ռուսական ռազամաբազայում են պահվել, այս դեպքում ևս, նրա կարծիքով, նույնը կլինի։
«Դատելով Պերմյակովի դեպքում Հայաստանի նվաստացման գործողություններից, Ռազգիլդեևի դատի գործով Հայաստանի նվաստացման դեպքերից՝ այս անգամ էլ կասեն՝ երկուսն էլ մեր քաղաքացիներն են, մենք ենք դատելու և վերջ», - ասաց նա:
Օրինակ է բերում 4 տարի առաջ գյումրեցի հավաքարար կնոջը դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի դեպքը, երբ ռուսական կողմի պահանջով նա այդպես էլ դուրս չբերվեց բազայի տարածքից ու նույնիսկ դատարան չեկավ։ Ռուսական կողմը որպես հիմնավորում դատարանից անվտանգության գրավոր երաշխիք էր պահանջում։ Ռուսական բազան այնքան փակ է, որ ներսում տեղի ունեցած այլ միջադեպերի մասին չենք էլ իմանում հավելում է Բարսեղյանը։ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներն ի տարբերություն ժամկետայինների տներ են վարձակալում քաղաքի տարբեր թաղամասերում։ Այստեղ է, որ կարևորվում է, թե ովքեր են օտար երկրում ծառայության ուղարկվում։
«Մարդկանց որ գործողում եք ուրիշ երկիր, ուսումնասիրո՞ւմ եք սոցիալ-տնտեսական, նյութական, հոգեբանական վիճակները, հետո ուղարկո՞ւմ, թե՞ ինչ պատահեց: Եվ մենք պարբերաբար նման բաներ տեսնում ենք, և, դժբախտաբար, կարծում եմ, որ սա վերջին դեպքը չէ», - նշեց նա:
Բարսեղյանի կարծիքով՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ գրանցված դեպքերը խոսում են այն մասին, որ բազայի ներսում կարգ ու կանոնի խնդիր կա. «Սա խոսում է բազայում զինծառայողների վարքի, բարոյական պահվածքի խայտառակ բացթողումների մասին»:
Տարիներ առաջ ռուս զինծառայողի կողմից գյումրեցի յոթ հոգանոց ընտանիքի սպանդից հետո ռուսական կողմը խոստացել էր խստացնել չափորոշիչներն ու վերահսկողություն սահմանել Հայաստան գործուղվող զինծառայողների ընտրության հարցում։ Խստացվել է արդյո՞ք, Լևոն Բարսեղյանն ասում է. «Արդյունքը այսպիսին է՝ հորս արև, այլևս նման բաներ չեն լինի: Հորդ արև նման բաներ չե՞ն լինի, հորս արև նման բաներ էլ չեն լինի: Մոտավորապես այսպես է»:
Հայաստանի իշխանություններն էլ են թերանում նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ որևէ բան ձեռնարկելու հարցում, պնդում է Բարսեղյանը։
«Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ խափանելու կամ կանխարգելելու ջանքեր չդրեցին՝ ըստ իս, հանդուրժեցին, թույլ տվեցին, անտեսեցին՝ մտածելով հավանաբար, որ դե եղել է, էլ չի կրկնվի», - նկատեց նա:
Ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը Գյումրիում արդեն մի քանի տասնյակի են հասնում։