Մատչելիության հղումներ

Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկան շարքից հանում է միջհամայնքային ճանապարհները


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տանկերը շարունակում են շարքից հանել միջհամայնքային ճանապարհները, որոնցով անցնում են իրենց զորավարժարաններ գնալիս։

Օրինակ, Ալագյազ զորավարժարան հասնում են Գյումրի-Արմավիր ճանապարհի Գուսանագյուղի նորոգված, բայց ծանր տեխնիկայի համար չնախատեսված հատվածով։ Ընդամենը երկու տարի առաջ նորոգված ճանապարհը սկսել է քայքայվել, ու արդեն կարկատաններ են արվել։

Մարզպետարանի ճանապարհաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է՝ քայքայման հիմնական պատճառը ծանրաքարշ մեքենաների երթևեկությունն է, ինչն այդ հատվածում չի թույլատրվում։

«Նստվածքային տեղեր էր առաջ եկել, մեր լեզվով ասած՝ պուչինաներ, ու հիմնականում ծանրաքարշ մեքենաների շարժունակության հետևանքով է դա, և համապատասխան ծանրությունից ավելի ծանր տրանսպորտային միջոցների շարժունակության դեպքում, բնական է, այդ ասֆալտբետոնե ծածկույթի նստեցման պրոցես է գնում: Ինքը նախատեսված է նորմատիվային պայմաններով բարձված տրանսպորտային միջոցների շահագործման համար, այլ ոչ թե, ասենք, մոտավորապես 40-ից 60 տոննա ծանրաքարշ տեխնիկաների շահագործման համար», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խնձրցյանը:

Օրինակ բերեց՝ երբ ռուսական ռազմաբազայի թրթուրավոր զինտեխնիկան մեկ բեռնատարի վրա բարձված է գնում, դա մի քանի անգամ գերազանցում է նորմատիվային թույլատրելի սահմանը. - «Այդտեղով անցնում են, ճիշտ է, նաև ռուսաստանյան ռազմաբազայով տեխնիկաները՝ մի երկու բեէմպեներ (հետևակի մարտական մեքենա - խմբ.) կամ տանկ միանգամից բարձված, որի լիսեռային ծանրաքարշության հետևանքով նաև ճանապարհին առաջանում են նստվածքներ»:

8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի 4-կիլոմետրանոց հատվածը մի քանի տարի առաջ գրեթե անանցանելի էր, թեև 15 տարի առաջ ամբողջ ճանապարհն էր հիմնանորոգվել։ Մարզպետարանի պաշտոնյան ասում է՝ ճանապարհը դեռ մեկ տարի էլ երաշխիքային սպասարկման մեջ է, և շինարարն իր միջոցներով վերանորոգում է քանդված հատվածները։

«8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 4 կմ-ը երկու տարի առաջ վերանորոգվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, այս պահին այդ ճանապարհահատվածը գտնվում է երաշխիքային սպասարկման տակ՝ երեք տարի պարտադիր երաշխիքային սպասարկման ժամկետ ունի», - նշեց Խնձրցյանը:

Արդյոք ռուսական կողմին զգուշացրե՞լ են, որ այս հատվածով չի թույլատրվում ծանրաքարշ զինտեխնիկայի տեղաշարժը. - «Բոլորին էլ զգուշացված է, պարզապես այլընտրանքային ճանապարհ չկա երթևեկության»:

1990-ականների սկզբից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, որտեղ պաշտոնական տվյալներով շուրջ 3-5 հազար զինվորական է ծառայում, Հայաստանի կառավարությանը չի վճարում իր զբաղեցրած տարածքների համար։ Ռուսական կողմը չի փոխհատուցում նաև իր տեխնիկայի պատճառով քանդվող ճանապարհների համար։ Գյումրիի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ դիմել էր, որ ռազմաբազան գումար հատկացնի, հարցը նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվեց, բայց, ըստ պաշտոնյաների, ռուսական կողմն այդպես էլ գումար չհատկացրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG