Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի առաջնահերթությունը մեր տարածաշրջանում կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծում թույլ չտալն է». Արեգ Քոչինյան


Ադրբեջանը բանակցային նախորդ փուլում, ըստ էության, բավականին ակտիվորեն էր մասնակցում արևմտյան գործընթացներում, արևմտյան հարթակներում՝ փորձելով հնարավորինս կառուցողական իմիջ ձևավորել և բանակցային գործընթացի իմիտացիա ստեղծել: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

«Ինչի՞ համար՝ որովհետև դրան զուգահեռ գնում էր, ըստ էության, Արցախի բլոկադան, որը ի վերջո ավարտվեց Արցախի էթնիկ զտումով, և դրա համար պետք էր ստեղծել, մյուս կողմից, էսպես, կառուցողական Ադրբեջանի տպավորություն Արևմուտքի մոտ, որը որ պատրաստ է գնալ Հայաստանի հետ կարգավորման, ու դրանով ինչ-որ չափով մեղմել կամ զսպել Արևմուտքի արձագանքը կամ գործողությունները՝ կապված այն ամենի հետ, ինչ կկատարվեր կամ կատարվում էր նույնիսկ այդ պահին Արցախում: Եվ, ըստ էության, Ադրբեջանը ստացավ այն, ինչ որ ինքը ուզում էր այդ առումով, այսինքն՝ տեղի ունեցավ Արցախի ամբողջական էթնիկ զտում, հայերից ամբողջությամբ զտվեց Արցախը, և Ադրբեջանը չստացավ ո՛չ սանկցիաներ, ո՛չ ինչ-որ տոտալ ճնշումներ Արևմուտքի կողմից», - նշեց Քոչինյանը՝ շարունակելով. - «Եվ հիմա Ադրբեջանը, շարունակելով այդ նույն տրամաբանությունը՝ հնարավոր բոլոր հարթակներում ստանալ առավելագույնը, տեղափոխում է բանակցային գործընթացը, փորձում է տեղափոխել բանակցային գործընթացը Արևմուտքից դեպի Ռուսաստան, որովհետև Հայաստանի հետ կարգավորման գործընթացում իրեն ավելի շատ բան առաջարկում է Ռուսաստանը, քան առաջարկում է Արևմուտքը՝ առաջարկում է, ի մասնավորի, միջանցքը»:

«Եվ այդ պատճառով է, որ մենք տեսնում ենք՝ Ալիևը գնում է Բիշքեկ, Բիշքեկում նստում է, ասում է՝ «ինչո՞ւ եք գնացել հասել Գրանադա, համ ձեր ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը, համ մեր դաշնակիցն է, եկեք ռուսների միջոցով կամ բանակցենք, կամ եթե ռուսների միջոցով չենք բանակցում, եկեք ուղիղ բանակցենք», - ասաց քաղաքագետը՝ ընդգծելով. - «Այսինքն, շատ պարզ է իրավիճակը՝ ինքը ստացել է արևմտյան հարթակից այն առավելագույնը, ինչ որ ինքը կարող էր ստանալ, և հիմա փորձում է ստանալ մյուս հարթակից այն առավելագույնը, ինչ որ ինքը կարող է ստանալ»:

«Հիմա, այստեղ, ըստ էության, մեր ամենաառաջին անելիքը պետք է լինի այ այս պարզ ճշմարտության և այս իրավիճակի հնարավորինս հանգամանալից մատուցումը մեր արևմտյան գործընկերներին՝ մեկ, և մեր արևմտյան գործընկերների հետ աշխատանքային ուղղություն, որ սա չի կարելի մարսել: Որովհետև, գիտե՞ք, ստացվում է, որ կա՛մ Արևմուտքի՝ ի մասնավորի բրյուսելյան ֆորմատը, վաշինգտոնյան ֆորմատը Ադրբեջանը օգտագործել և դեն է նետել, կա՛մ իրենք հասկանում էին՝ ինչ է տեղի ունենում, բայց համաձայն են էդ ամեն ինչի հետ», - նշեց Քոչինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ «Ռուսաստանի առաջնահերթությունը մեր տարածաշրջանում կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծում թույլ չտալն է. եթե Արցախը հայաթափվել է, նշանակում է՝ պետք է ստեղծել լարման նոր օջախ, պետք է ստեղծել կոնֆլիկտի նոր օջախ»: «Որովհետև կոնֆլիկտը չպետք է հանգուցալուծվի, որովհետև եթե կոնֆլիկտը հանգուցալուծվում է, կարգավորվում են, օրինակ, հայ - ադրբեջանական ու որպես դրա արդյունքում՝ հայ - թուրքական հարաբերությունները, ապա վերանում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ծանրության կենտրոնը, դրա խարիսխն է վերանում, ըստ էության: Այդ իսկ պատճառով, եթե, օրինակ, մենք ելնում ենք այդ տրամաբանությունից, որ ռուսականն է տարբերակը, ապա մենք պետք է նաև պատրաստ լինենք, որ դելիմիտացիան-դեմարկացիան կարող է տևել տասնամյակներ, կարող է լինի պրոցես առանց ավարտի, և կարող է լինի պրոցես, որը որ անընդհատ զուգակցվելու է սրացումներով», - հայտարարեց Արեգ Քոչինյանը:

«Չեմ կասկածում, որ ցանկանում են իշխանափոխություն անել Հայաստանում»

Հարցին՝ «արդյո՞ք նրանք ցանկանում են իշխանափոխություն անել Հայաստանում», քաղաքագետն արձագանքեց. - «Ես չեմ կասկածում, որ իրենք ցանկանում են իշխանափոխություն անել Հայաստանում: Ինձ համար ակնհայտ է մի բան՝ Ռուսաստանը գտնվում է Հայաստանի հետ հիբրիդային պատերազմի մեջ»:

Մոսկվան, ըստ Քոչինյանի, երկու բան է ուզում. - «Շատ հստակ է դա՝ առաջինը միջանցքն է Հայաստանի հարավով, որ Հայաստանը հրաժարվում է ըստ էության տալ, և երկրորդը՝ Հայաստանի բելառուսացումը, այսինքն՝ Արևմուտքի հետ կապերի խզում, այս ժողովրդավարություն, որ Ռուսաստանում անգամ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում սվիններով են ընդունում, որովհետև իրենց մոտ դա համակարգային էլեմենտ է, համակարգաստեղծ էլեմենտ է, իսկ դու համարձակվում ես դրա դեմ պայքարել»:

«Եվ քանի դեռ Հայաստանի իշխանությունները էս երկուսը չեն անում, Ռուսաստանը գտնվելու է Հայաստանի հետ հիբրիդային պատերազմի մեջ, օրինակ՝ երկու ամսով անջատելու է գազը, կոնյակն է խնդիր գտնելու, վաղը չէ մյուս օրը հայկական լոլիկի մեջ սիբիրյան ախտ է, օրինակ, գտնելու: Այսպիսի, ուրեմն, Հայաստանում ներքին երկպառակություններ կամ պետական հեղաշրջում իրականացնելու էլեմենտներ, ըստ իս, փորձելու է կազմակերպել: Մեդիան՝ մենք տեսնում ենք, չէ՞, ինչ վակխանալիա է կատարվում ռուսական մեդիայում ընդդեմ Հայաստանի», - ասաց Արեգ Քոչինյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ռուսաստանի նպատակը լարման նոր օջախն է, որ հակամարտությունը չհանգուցալուծվի. Արեգ Քոչինյան
please wait

No media source currently available

0:00 0:23:29 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG